Wednesday, November 18, 2009

Վրաստանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել է ՄԻԵԴ

«ԱՅՍՕՐ» 18.11.2009 - Վրաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում մարդու իրավունքների խախտման առնչությամբ: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի արդարադատության նախարարությունը: «Հատուկ ուշադրություն է առանձնացված չորս դեռահասների ձերբակալման փաստին: Նամակում, որն ուղղարկվել է Ստրասբուրգ, նշված է, որ նման փաստերը վտանգ են առաջացնում օկուպացված տարածքների մերձակայքում բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար», - ասված է հաղորդագրությունում: Ելնելով վերոնշյալից` Վրաստանը դիմել է ՄԻԵԴ-ին, որպեսզի վերջինս պահանջի Ռուսաստանի դաշնությունից կանխել մարդու իրավունքների մասսայական խախտումը և անհապաղ ազատել «ապօրինի կերպով ձերբակաված չորս անչափահասներին»: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է չորս դպրոցականների` Գեորգի Ռոմելաշվիլու, Ալեկո Սաբաձեի, Վիկտոր Բուչուկուրիի և Լևան Խմիադաշվիլիի մասին, որոնք ս.թ. նոյեմբերի 4-ին հատել էին Վրստանի հսկողության տակ գտնվող տարածքը և հայտնվել Հարավային Օսիայում: Այն ժամանակ Հարավային Օսիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ դեռահասների մոտ 4 նռնակ և պայթուցիկ նյութեր էին առգրավվել: Եվրոպական դատարան ներկայացրած հայցում Վրաստանը նաև նշել է, որ «ռուսաստանյան սահմանապահները հաճախ խախտում են այն մարդկանց իրավունքները, ովքեր բնակվում են օկուպացված տարածքների մերձակայքում` մեղադրելով վերջիններիս սահմանը ապօրինաբար անցնելու մեջ»:

No comments: