Panorama.am 14.11.2009 - Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան ադրբեջանական մամուլի հետ շփման ժամանակ չի խուսափել ակնարկել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Բաքվի որդեգրած դիրքորոշումը դեմ է որևէ տրամաբանության:
Խավիեր Սոլանան, ի պատասխան «Նյուզ.ազ» գործակալության թղթակցի այն դիտարկմանը, թե Բաքուն վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվատացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոն, ասել է. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնությունը խիզախ և երկար սպասված քայլ է, որը կարող է նպաստել Եվրոպայի կարևոր մաս հանդիսացող տարածաշրջանում երկարատև համագործակցությանն հաստատմանն ու անվտանգության ապահովմանը: Ուստի մենք այսուհետ ևս մեր քաղաքական ու տեխնիակական աջակցությունն ենք ցուցաբերելու այդ գործընթացին: Հայ-թուրքական կարգավորումը կարող է նաև նպաստել բազմակողմ համագործակցություն ենթադրող Արևելյան գործընկերության իրականացմանը և կարող է նոր հեռանկարներ բացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Մենք այս առումով որևէ դիմադրություն կամ բացասական հետևանքներ չենք տեսնում, ընդհակառակը` տեսնում ենք նոր, դրական դինամիկա, որն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար»:
Խավիեր Սոլանայի ձևակերպումները լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն: Ավելացնենք միայն, որ դրանք համընկնում են նախորդիվ պաշտոնական Երևանի հայտարարած մոտեցումներին:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment