Saturday, November 14, 2009

Եվրախորհուրդը կվերանայի՞ Ադրբեջանի անդամակցության հարցը

Panorama.am 14.11.2009 - Արդեն 3 օր է, ինչ շարունակվում է ադրբեջանական իշխանություններին ուղղված` միջազգային հանրության քննադատություների տարափը` բլոգերների նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կազմակերպությունների քննադատական տարափը գնալով ուժգնանում է: Բանը հասել է նրան, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը Եվրախորհրդին` Ադրբեջանի անդամակցության հնարավոր վերանայման հարցի հետ կապված հայտարարություններ է արել: Այսքանից հետո պաշտոնական Բաքուն դեռ լռում է: «Թուրան» լրատվական գործակալությունը բազմիցս փորձել է մեկնաբանություններ ստանալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից և մի շարք այլ պաշտոնական մարմիններից, բայց հարցերը մնացել են անպատասխան: Ոչ մեկ այս հարցի վերաբերյալ խոսել չի ցանկանում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս պահին պաշտոնական այցով գտնվում է Բուլղարիայում, և ինչպես երևում է, իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում` պատասխանելու նմանօրինակ ոչնչացնող քննադատություններին: Բլոգերներ Ադնան Գաջիզադեն և Էմին Միլլին` խուլիգանության մեղադրանքով, դատապարտվեցին, համպատասխանաբար, 2.5 և 2 տարվա ազատազրկման: Սակայն վերոհիշյալ դատավճռի պատճառը համացանցում նրանց կողմից տարածված ծաղրական տեսահոլովակն էր` էշի մասին: Միջազգային հանրությունն արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել երիտասարդ բլոգերներին` համարելով, որ նրանց ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում:

No comments: