Monday, November 16, 2009

Թուրքիայի կառավարությունը չի հրաժարվելու քրդական հարցի լուծման իր նախաձեռնությունից

NEWS.am 16.11.2009 - Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է պաշտպանել քրդական շրջաններում բարեփոխումներ նախատեսող ծրագիրը։ «Մենք պատրաստ ենք զոհել մեր բոլոր պաշտոններն ու վայր դնել մեր տիտղոսները՝ հանուն այն մեկ կաթիլ արյան, որ կարող են կորցնել մեր զինվորները»,- ըստ «Անադոլու» գործակալության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ իրենց նախաձեռնությունը երկրի հասարակությանը ներկայացնելու համար կառավարությունը մտադիր է մինչեւ հաջորդ գարուն քննարկումներ, հավաքներ եւ գագաթնաժողովներ կազմակերպել։ «Ընդդիմադիր դաշտից հնչող մեղադրանքները անհիմն են եւ սուտ: Մարդիկ կան, որոնք օգուտներ են քաղում արյունալի մարտերից եւ դրանք ծառայեցնում իրենց քաղաքական շահերին, մինչդեռ մենք մեր վստահությունը ստանում ենք ժողովրդից եւ մտադիր ենք շարունակել այս քաղաքականությունը»,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց բարեփոխումների ծրագիրը, որի համաձայն, քրդերի դեմ երկարամյա պատերազմից հետո այժմ Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել քրդերեն լեզվի օգտագործման բոլոր սահմանափակումները, ստեղծել անկախ մարմին՝ «անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունները հետաքննելու եւ խտրականության դեմ պայքարելու համար»: Իսկ այս նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ իշխանությունները չափազանց մեծ զիջումներ են անում քրդերին եւ վտանգում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

No comments: