Tert.am- 17-11-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ ռազմական ուժի կիրառմամբ կամ սպառնալիքով տարածաշրջանը մշտական լարվածության մեջ պահելու համար։ Ինչպես նշել է Թուրքիայի արտգործնախարարը, պաշտոնական Թել-Ավիվի ներկա քաղաքականությունը հակասում է Թուրքիայի՝ տարածաշրջանի խաղաղության տեսլականին, հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը։
«Ցավոք, Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում իրականացված սպանդը՝ ուղղված պաղեստինցիների դեմ, խարխլել և դադարեցրել է խաղաղության շարունակական ընթացքը, այդ թվում նաև՝ Թուրքիայի միջնորդությամբ տարվող Սիրիա-Իսրայել անուղղակի բանակցությունները»,- նշել է Ահմեթ Դավութօղլուն։
Ինչպես Today’s Zaman-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարն Իսպանիա այցի ժամանակ, Իսրայելի հանդեպ Անկարայի արտաքին քաղաքականությունը չի փոխվել երկրի մի քանի կառավարությունների օրոք։ Ահմեթ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետամուտ է եղել և կշարունակի հետամուտ լինել միևնույն քաղաքականությանը։
Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակավայրերի շարունակական ընդարձակումը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աղբյուր։ Տարածքների բնակեցումը մտահոգության գերակա խնդիր է նաև այլ գերտերությունների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի համար, որոնք բոլորն էլ կոչ են արել անհապաղ դադարեցնել Իսրայելի կառավարության կողմից բնակավայրերի անօրինական ընդարձակումը։
Ինչ վերաբերում է Երուսաղեմում ստեղծված հակասական կարգավիճակին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «մենք չենք ճանաչում Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք և հավատացած ենք, որ Արևմտյան Երուսաղեմը պաղեստինյան տարածք է»՝ ընդգծելով նաև այն փաստը, որ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, որն էլ Թուրքիան համարում է հրեական պետության պաշտոնական մայրաքաղաք։
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Երուսաղեմում ալ-Աքսա մզկիթի շուրջ։ «Չի կարելի թույլ տալ, որ Իսրայելի զորամիավորումները մուտք գործեն այդ սուրբ վայր»,- նշել է Ահմեթ Դավութօղլուն՝ հավելելով, որ որևիցե գործողություն ալ-Աքսա մզկիթի դեմ կհրահրի Թուրքիայի հասարակությունը և մեծ աղմուկ կբարձրացնի բազմաթիվ մահմեդական երկրներում։
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment