Tuesday, November 17, 2009

Ադրբեջանի ԱԳՆ. Նորվեգիան ու Գերմանիան խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին

NEWS.am 17.11.2009 - Բաքվում Նորվեգիայի եւ Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարներ Լարս Հանսենն ու Պետեր Զեգլերը հրավիրվել են Ադրբեջանի ԱԳՆ: Պատճառն այն է, որ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մեկնաբանությունները կապված երիտասարդ դատապարտյալներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլիի գործերի հետ, ադրբեջանական կողմը գնահատել է որպես անհիմն, որը չի համապատասխանում Ադրբեջանի հետ այդ երկրների հարաբերությունների մակարդակին: Դա դիտվել է նաեւ որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Վագիֆ Սադիգովը: Հիշեցնենք, որ դատարանը Էմին Միլլիին դատապարտել էր 2,5, Ադնան Հաջիզադեին՝ 2 տարվա ազատազրկման: «Օլ» («Եղի՛ր») Երիտասարդական շարժման առաջնորդ Ադնանա Հաջիզադեն եւ «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար Էմին Միլլին ձերբակալվել էին այս տարվա հուլիսի 8-ին` խուլիգանության մեղադրանքով, թեեւ իրավապաշտպանների կարծիքով՝ հետապնդումը քաղաքական դրսեւորում ունի: Խոսքը վերաբերում է նրան, որ երիտասարդ բլոգերները ինտերնետում ցուցադրել են, թե ինչպես է ավանակն ասուլիս տալիս: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները ավանակին նմանեցրել են ինչ-որ բարձր պաշտոնյայի հետ, չի բացառվում նաեւ, նախագահի հետ, դրա համար էլ երիտասարդներին դատապարտել են: Այս փաստը դատապարտել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու պետություններ:

No comments: