Tuesday, November 17, 2009

Վերլուծական

Aysor.am 17-11-2009- «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ք.գ.թ., Ալեն Ղևոնդյան Այսօր, երբ բավական ակտիվ զարգացումներ են նկատվում ամերիկառուսական հարաբերությունների հարթակում, տպավորություն է, թե Բուշի ադմինիստրացիայի օրոք ի հայտ եկած լարվածությունից անգամ նշույլ չի մնացել: Անկասկած, դա այդպես չէ: Դեմոկրատները և Հանրապետականները ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ մեծ հաշվով ունեն նույն նպատակները, միայն այդ նպատակների իրականացման մեխանիզմներն են քիչ տարբերվում: Այսօր, երբ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, բանավական քարքարոտ բանակցություններից հետո, եկել են Ռազմավարական հարձակողական զինանոցի սահմանափակման նոր պայմանագրի կնքմանը, ի հայտ են եկել բավական խորը հակասություններ: Դրանք կապված են զինանոցի կրճատման տեխնիկական, քանակական և գործընթացային բաղադրիչների հետ: Ի մասնավորի` պայմանագրի կնքումը ձգձգվում է, քանի որ Ռուսաստանը հետայսու հրաժարվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրություններում թույլ տալ ամերիկյան փորձագետներին տեսչական ստուգումներ անցկացնել: Զուգահեռաբար Մոսկվան ցանկանում է դադարեցնել ամերիկացիներին իր զինատեսակների տեխնիկական ցուցանիշների մասին տեղեկատվության տրամադրումը: Առկա տարակարծությունների և անհամաձայնությունների մասին է փաստում «Նոր Ամերիկա» միջուկային ռազմավարության և չտարածման ֆոնդի ղեկավար Ջ.Լյուիսը` արձանագրելով, թե անհամաձայնության առիթ տալիս են զինատեսակների փոխհարաբերակցման հաստատման ռեժիմի հետ կապված հարցերը: Իր հերթին, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Ն.Մակարովը հայտարարեց, որ. «Խնդիրներ են առկա` կապված ստուգումների վերահսկման և մի շարք թվային տվյալների հետ, որոնք այսօր քննարկվում են բանակցային գործընթացում»: Ակնհայտ է, որ Մոսկվան շահագրգիռ չէ, որ ամերիկյան փորձագետները մուտքի հնարավորություն ունենան ռազմավարական այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են, ասենք, Վոդկինի գործարանը Ուդմուրտիայում, որտեղ արտադրվում են «Տոպոլ-Մ» և «Բուլավա» հրթիռները, ինչպես նաև անհատական ուղղորդման РС-24 առանձնացող մարտագլխիկներով հիթիռները: Ի դեպ, համաձայն ՌՀԶ-1 պայմանագրի` ամերիկյան փորձագետները հնարավորություն ունեն գտնվել և դիտարկել ռուսական այսօրինակ արտադրությունները, մինչդեռ ռուսները այդ իրավունքը ամերիկյան նմանօրինակ օբյեկտների նկատմամբ չունեն: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է «Peacekeeper» (Խաղաղապահ) հրթիռների արտադրությունը և այդ կերպ ՌԴ-ն զրկվել է Յուտայում գտնվող գործարանը մոնիթորինգի ենթարկելու հնարավորությունից: Մինչդեռ Վոդկինի գործարանում դեռևս գործում է այն ամերիկացիների կողմից անընդհատ մոնիթորինգի օբյեկտը, որը սպասարկվում է ԱՄՆ-ի 20 փորձագետների կողմից: Արտադրամասի մուտքին բոլոր արտադրական միավորները մանրազնին ստուգման են ենթարկվում, որից հետո բոլոր տվյալները ուղարկվում են օտարերկարյա փորձագետներից կազմված լրատվական կենտրոն:Դա, անկասկած, թուլացնում է ռուսական դիրքերը, հատկապես այն պարագայում, եթե Միացյալ նահանգները նպատակ ունեն հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր ստեղծել: Այսօր Մոսկվան իր մտահոգությունն է հայտնում այդ մոնիթորինգի միակողմանի բնույթի վերաբերյալ և ցանկանում է, որ ԱՄՆ-ի փորձագետները դեկտեմբերի 5-ին ՌՀԶ-2 պայմանագրի կնքման արդյունքում լքեն այդ տարածքները: Բանակցող կողմերի միջև տարակարծություններ կան` նաև կապված հրթիռների տեխնիկական տեղեկատվության հետ, որոնք կողմերը ստանում են փորձարկումների ժամանակ: Մասնավորապես, ՌԴ-ն ներկայացնում է իր նոր «Տոպոլ-Մ» և «Բուլավա» հրթիռային մշակումների թեստերը, իսկ Նահանգները տրամադրում են «Minuteman III Glory Trip» հին տիպի փորձարկումների տվյալները: Նախօրեին` նոյեմբերի 16-ին, Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ և ՌԴ նախագահների Սինգապուրյան հանդիպման ժամանակ օրակարգային մյուս խնդիրները մնացին ետնապատկերում: Այս հանդիպման առաջնահերթ թեման ակնկալվող պայմանագրի ստորագրման ճանապարհին ի հայտ եկած խնդիրներն էին և դրանց շուրջ ակնկալվող մեկնաբանությունների ներկայացումը: Նախագահների առանձնազրույցին հետևած Բ.Օբամայի հայտարարությունը, թե «Պայմանագրի կնքման հարցում կողմերին էականորեն հաջողվել է առաջ գնալ, չնայած, որ առկա են մի շարք տեխնիկական հարցեր»: Դ.Մեդվեդևը նույնպես հասկացնել է տվել, թե խնդիրները դեռևս պահպանվում են: Ինչևէ տարակարծությունները, որոնք հրապարակվում են, ընդհամենը տարակարծություններ չեն: Դրանք սկզբունքային հարցերի շուրջ առկա տարամետ մոտեցումներ են, որոնք պայմանավորում են այդ երկու մրցակից կողմերի ռազմավարական հարձակողական և պաշտպանողական զինանոցի զարգացման ողջ միջակայքը` այդ կերպ պայմանավորելով միջազգային անվտանգության ներկա և գալիք միտումները: Այսօրինակ բանակցային ֆոնի ներքո Վաշինգտոնը հայտարարում է, թե ԱՄՆ-ը և ՌԴ-ն ընդհանուր գծերով պայմանավորվել են նոր պայմանագրի կառուցվածքային բաղադրիչների մասերի վերաբերյալ: Օրինակ` «Associated Press»-ը (www.ap.org) հաղորդում է, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջուկային մարտագլխիկների և նրանց տեղափոխման միջոցների առավելագույն քանակի, և այն հարցի շուրջ, թե ինչն է համարվում տեղափոխման միջոց: Ռուսական կողմի համար բանակցային այս գործընթացում պայմանավորվածություն է համարվում այն վիճակը, երբ համաձայնեցվել են բոլոր հարցերը, հակառակ դեպքում` ոչինչ չի համաձայնեցվել: Սա, ակնհայտ է, որ շահեկան չէ Վաշինգտոնի համար, ուստի նա փորձում է ամեն բան ձեռնարկել` հասնելու համար իր համար շահեկան արդյունքի և դա այն դեպքում, երբ Օբաման միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ խաղարարի ամերիկյան բրենդով:

No comments: