Tuesday, November 17, 2009

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ է առե՞լ

7or.am 17.11.2009 - Ապրիլին, երբ Թուրքիան Ժնևում ձեռք բերված առաջին համաձայնությամբ հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մասին, տպավորություն ստեղծվեց, թե երկու հարևան պետությունները ճանապարհ են հարթելու երկկողմ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման համար: Արտաքին աշխարհը կարծում էր, որ դա Անկարայի և Երևանի միջև «կարգավորման» գործընթացի սկիզբն է և ողջունում էր թուրքական դիվանագիտության այդ «նախաձեռնությունը» որպես պատմական մի իրադարձություն: Իրականում այդ իրադարձությունը շատ կարևոր էր, սակայն միևնույն ժամանակ պարզ էր, որ գործընթացը երկար և դժվար է լինելու: Իսկ այդ երկար ճանապարհին երկրորդ քայլը եղավ ժնևյան համաձայնությունից հետո արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, երբ սեղանին դրվեցին «կարգավորման» ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը: Սակայն այդ ժամանակացույցը կսկսի գործել միայն այն ժամանակ, երբ արձանագրությունները պաշտոնապես կյանքի կկոչվեն: Դա հնարավոր կլինի, երբ երկրների խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները: Իսկ այն կետում, որտեղ գտնվում ենք այսօր, խցանում է նկատվում: Հայաստանն առայժմ արձանագրությունները չի ներկայացրել խորհրդարան, որովհետև, ըստ իր իրավական համակարգի, նման համաձայնագրերի' օրենքներին համապատասխանության հարցի առնչությամբ նախ պետք է որոշում կայացնի Սահմանադրական դատարանը: Իսկ նման որոշում առայժմ չկա: Անցած ամիս Թուրքիայում նախարարների խորհրդի կողմից արձանագրությունների քննարկումից հետո որոշում կայացվեց դրանք ներկայացնել խորհրդարան: Սակայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովն առայժմ օրակարգ չի բերել այդ հարցը: Դրա համար պահանջվում է որոշ քաղաքական պայմանների հասունացում: Խորհրդարանը սպասողական վիճակում է Այս սպասողականությունը բավական ժամանակ կարող է խլել: Պատճառը հետևյալն է' թուրքական իշխանություններն արձանագրությունների վավերացման և ղարաբաղյան հիմնախնդրի միջև փաստացի կապ են տեսնում: Վարչապետը և այլ պաշտոնյաներ շատ բացահայտ և պարզ հայտարարում են, որ քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Երևանի հետ ձեռք բերված համաձայնությունը կյանքի չի կոչվելու: Այդ իսկ պատճառով իշխանություններն արձանագրությունները խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու որևէ նպատակ չունեն, քանի դեռ չեն տեսել իրական զարգացումներ ղարաբաղյան հիմնախնդրում և վստահ չեն, որ Ադրբեջանը դրանցից բավարարված կլինի: Եվ քանի որ արձանագրությունների վավերացումը փաստացիորեն կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ, անհրաժեշտ է հետևել այդ գործընթացի զարգացումներին: ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին ժամանակներում հիմնախնդիրը հանգուցալուծելու համար ակտիվացրեց իր ջանքերը: Այդ ընթացքում ավելի հաճախակի են դառնում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների շփումները. այս ամիս Ալիևն ու Սարգսյանը դարձյալ կհանդիպեն: Սակայն միամտություն է սպասել, որ ղարաբաղյան հիմնախնդրի պես խճճված հարցը միանգամից լուծվի: Իրականում թուրք պաշտոնյաններն ակնկալում են, որ առաջին փուլում վերջ կդրվի Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների բռնազավթմանը, և այդ ուղղությամբ համաձայնություն ձեռք կբերվի: Առայժմ տեղաշարժ չկա Եթե առաջիկա շաբաթների ընթացքում այդ ուղղությամբ որևէ առաջընթաց գրանցվի, ներկա փուլում կարծես կանգ առած «նախաձեռնությունը» կվերակենդանանա, և խորհրդարանը մեծ հավանականությամբ կվավերացնի արձանագրությունները: Միայն թե շատ դանդաղ են ընթանում Մինսկի գործընթացն ու Ալիև-Սարգսյան երկխոսությունը: Այնպես որ, կարճ ժամանակահատվածում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում տեղաշարժեր պետք չէ սպասել: Սակայն պետք չէ կորցնել նաև ,նախաձեռնությամբե և արձանագրությունների շնորհիվ հավաքած արագությունը: Դա հնարավոր է տարբեր մակարդակներում և բնագավառներում' փոխադարձ շփումների շարունակությամբ: Իսկ այստեղ մեծ կարևորություն ունի քաղաքացիական հանրույթի դերակատարությունը:

No comments: