Wednesday, November 18, 2009

Քրիստոսը վրացի՞ է եղել

Aysor.am. 18-11-2009- Պետությունների հարաբերություններում կարևորելով մշակույթի դերը և մշակութային ժառանգության մասին պատկանելիության հստակությունը` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ մենք մշակութային ժառանգության վերաբերյալ լուրջ խնդիրներ ունենք ոչ միայն Թուրքիայի և Արդբեջանի, այլև Վրաստանի հետ: Նա նշեց, որ 2004 թ-ին Վրաստանում նշեցին քրիստոնեության ընդունման 2000-ամյակը: «Ենթատեքստն այն է, որ Մարիամ Աստվածածինը ծնունդով եղել է Կապադովկիայից, իսկ, ինչպես հայտնի է, Կապադովկիան եղել է Վրաստանի մաս, հետևաբար Մարիամ Աստվածածինը եղել է վրացի, ու Քրիստոսը նույնպես եղել է վրացի: Երբ նա սկսել է խոսել` նա քարոզել է իր ուսմունքը, հետևաբար քրիստոնեությունը վրացերեն հնչում է 2000 տարի», - մանրամասնեց Ա. Ադիբեկյանը` ներկայացնելով, թե ինչպես են պարզաբանում վրացիները քրիստոնեության երկարամյա գոյության փաստը Վրաստանում : Ա. Ադիբեկյանի խոսքերով` խնդիրը կայանում է նրանում, որ նման մոտեցումն ընդունվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից` որպես պատմական հիշարժան օր, և նշվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մակարդակով, մինչդեռ հայտնի է, որ քրիստոնեությունը Վրաստան մուտք է գործել Բյուզանդիայից` հայերի միջոցով, և մինչև 6-րդ դարը Վրաստանում եղել է Հայաստանի եպիսկոպոսություն, ապա հայերն անջատվել են Բյուզանդիայից, իսկ Վրաստանը մնացել է ուղղափառ եկեղեցի: «Այսինքն, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համար միևնույն է, բայց եթե ազգն ունի սեփական «ես»-ի մասին նման պատկերացումներ, դրա դեմն առնելը բավական դժվար է, որովհետև այն դառնում է սերունդների ձևավորման հարցում ազգային ինքնագիտակցման գործոն»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը: Ա. Ադիբեկյանը հայտնեց, որ «նմանատիպ շիզոֆրենիայով տառապում են նաև հայազգի որոշ գիտնականներ»: Նա կոչ արեց լրատվական դաշտին առավել զգոն ու պահանջող լինել` թույլ չտալու, որ ստահոդ տեղեկատվությունը վարկաբեկի մեր ազգային արժանապատվությունը, փոխարենը խեղաթյուրված հայտարարություններին համարժեք պատասխաններ տրվեն:

No comments: