Wednesday, November 18, 2009

Ալիեւը սեփական ժողովրդի առաջ արդարանում է, թե ինչու ԼՂ խնդիրը չի լուծում ռազմական ճանապարհով

News.am. 17-11-2009- «Ստեղծված իրավիճակը վերացնելու համար կա երկու ճանապարհ. խաղաղ կամ ռազմական: Այլ ճանապարհ չկա: Մենք այլեւս չենք կարող ձգձգել այս գործընթացը»,- երեկ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հանդես գալով ադրբեջանցի փախստականների առաջ, որոնց համար 9 հարկանի շենք է շահագործման հանձնվել, հաղորդում է «Ազերթաջ»-ը: «1992 թվականին ստեղծվեց Մինսկի խումբը, որը գործում է, բայց կա՞ն արդյունքներ նրա գործունեությունից: Չկան, եւ դա իրականություն է: Մեզ ասում են համբերեք, բանակցեք հայերի հետ: մենք բանակցում ենք եւ որոշակի առաջընթացներ կան: Ուզում եմ նաեւ ասել, որ բանակցություններում արդեն նախատեսվում է հայկական զորքերի դուրսբերում բոլոր 7 շրջաններից: Քննարկման թեմա է նաեւ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, թեեւ նախկինում դրա մասին խոսք չի եղել»,- ասել է Ալիեւն ու հավելել. «Այդուհանդերձ, հայկական կողմը ընտրել է ժամանակ ձգձգելու մարտավարություն: Մեկ նոր թեմաներ են բացում, մեկ ցանկանում են վերանայել արդեն համաձայնեցված հարցը: Հիմա մենք գիտենք, որ դրանով նրանք ձգձգում են խնդիրը, բայց դա նրանց ոչինչ չի տալիս: Հայերի հիմնական նպատակը մեր հողերի բնակեցումն է, բայց դրա համար հայերը կենդանի ուժ չունեն»: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը սկսում է գլուխ գովել ու կեղծ թվեր ներկայացնել, թերեւս փորձելով դրանով կերակրել սեփական ժողովրդին: Մասնավորապես նա նշում է, որ իբր ՀՀ բնակչությունը նվազել է մինչեւ 1,7 միլիոն, իսկ Ադրբեջանինը` հասել է 9 միլիոնի: Իրականում սակայն Ադրբեջանի բնակչության թիվը չի անցնում 6 միլիոնից: Նրա ներկայացմամբ, Ադրբեջանի էկոնոմիկան 7 անգամ գերազանցում է ՀՀ էկոնոմիկային, Հայաստանը մեկուսացած է տարբեր նախագծերից: «Հայաստանի սահմանները փակ են եւ այդ վիճակում նա ի վիճակի չէ գոյատեւել սեփական ուժերով: Երկիրը չի կարող գոյատեւել օտարերկրյա ֆինանսական օժանդակության հաշվին, ուստի, հաշվի առնելով այդ գործոնները, անդունդը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էլ ավելի է մեծանալու: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք դեռ ընտրում ենք բանակցությունների ուղին»,- ընդգծել է Ալիեւը: Այսինքն, նրա այս ամբողջ ելույթի իմաստը եղել է այն, որպեսզի սեփական ժողովրդի առաջ արդարանա, թե ինչու Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի լուծում ԼՂ խնդիրը:

No comments: