Monday, November 16, 2009

Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին՝ իր անկախությունը ճանաչելու հայցով

NEWS.am 16.11.2009 - Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով. այդ մասին արեւմտյան գործակալություններին հայտնել է Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի գլխավոր բանագնաց Սաէբ Էրեքաթը։ «Մենք արդեն հոգնել ենք եւ չենք հավատում Իսրայելի հավաստիացումներին՝ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ»,-հայտարարել է Պաղեստինի ներկայացուցիչը եւ պնդել, թե Իսրայելի իշխանությունները շարունակում են զավթողական քաղաքականությունն ու չեն ուզում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք որոշել ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ մինչեւ 1967 թվականի հնգօրյա պատերազմը առկա սահմանների շրջանակներում, մայրաքաղաք Երուսաղեմով»,-ընդգծել է Սաէբ Էրեքաթը։ Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի գործադրած դիվանագիտական ջանքերին՝ կողմերի միջեւ բանակցությունները արդեն մեկ տարի է՝ չեն վերսկսվում։ Պաղեստինը պնդում է, թե երկխոսությունը սկսելուց առաջ Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի շինարարությունը գրավյալ տարածքներում։

No comments: