Monday, November 2, 2009

Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Ցեղասպանության ուրացում

News.am 2-11-2009- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին: Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգեւոր կարիքների բավարարմանը: Նախագահ Սարգսյանը խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` ասել է, որ դրանք հատկապես կարեւոր են ներկա պատմական փուլում եւ պետք է արվի ամեն ինչ, որ այդ հարաբերությունները մշտապես լինեն ներդաշնակ: Երկրի ղեկավարը մեծապես կարեւորել է հայ եկեղեցու աշխատանքը երեխաների հոգեւոր եւ գեղագիտական կրթության ու դաստիարակության գործում` մասնավորապես նշելով հայորդաց տների եւ եկեղեցու հովանու ներքո գործող նման կառույցների գործունեությունը: Երկրի ղեկավարը ուրախալի է համարել փաստը, որ հետեւողականորեն վերանորոգվում եւ վերաօծվում են մեր խոնարհված եկեղեցիներն ու մատուռները, կառուցվում եւ օծվում են նորերը: Սերժ Սարգսյանը նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանն է հանձնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, ժողովի մասնակիցները Նախագահին են ուղղել արդի կարեւոր խնդիրների` մասնավորապես հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր: Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ: Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը եւ առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաեւ լայն միջազգային հանրությունը: Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում:

No comments: