Tert.am. 2-11-2009- Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին և հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգևոր կարիքների բավարարմանը։
Սերժ Սարգսյանը բացառիկ կարևոր է համարել յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, առավե՛լ ևս՝ Հանրապետության նախագահի համար Հայ Եկեղեցու գործունեությունը Սփյուռքում:
«Դա հայությանը միավորող ամենահուսալի շաղախն է։ Միասնական արմատների, միասնական նպատակների, ընդհանուր մարտահրավերների և մանավանդ ընդհանուր ապագայի մասին եկեղեցու պատգամն ու հորդորը նոր ոգի են հաղորդում արտերկրի մեր քույրերին ու եղբայրներին և կարող են թեւավորել նույնիսկ հուսահատվածներին։ Ողջ հայության միասնական կեցվածքը ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական մեծ կապիտալ է։ Անթույլատրելի է այդ կապիտալը մսխել ոչ սկզբունքային հարցերի շուրջ ծագած վեճերում»,-ընդգծել է նա։
Օգտվելով ընձեռված հնարավորութունից՝ ժողովի մասնակիցները Սերժ Սարգսյանին են ուղղել հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր։
Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն որևէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ։
Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը և առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաև լայն միջազգային հանրությունը։ Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, և համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր։
Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որևէ ձևով միմյանց հետ չեն կապվում։ Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով և հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տևական կայուն խաղաղություն ու զարգացում։
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment