News.am. 14-11-2009- Թուրքական ժամանակակից խորհրդարանի մասին պատկերացումները քրդական հարցի կարգավորման կամ, ինչպես նաեւ ասում են ,ժողովրդավարացման նախաձեռնության քննարկումներով հօդս ցնդեցին: Թուրքական իշխանությունների կողմից հայտարարած Քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը արդեն մտել է թուրքական խորհրդարան: Առաջին քննարկումները տեղի ունեցան նոյեմբերի 10-ին եւ այնուհետ շարունակվեցին 12 եւ 13-ին: Դեռ նոյեմբերի 10-ի քննարկումները արդեն աչքի ընկան տհաճ միջադեպերով: Իրենց ագրեսիվ պահվածքով աչքի ընկան ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները: Մասնավորապես, ժողովրդա-հանրապետականները նիստի ընթացքում հանեցին ցուցապաստառներ եւ խորհրդարանը վերածեցին հանրահավաքի համար նախատեսված հրապարակի: Իր ակտիվ պահվածքով կրկին աչքի ընկավ կին պատգամավոր Ջանան Արըթմանը: Հասարակությանը նա հայտնի է նրանով, որ մեղադրում էր նախագահ Գյուլին, թե նրա մայրական կողմի արմատները հայկական են: Ըստ թուրքական Zaman-ի՝ Արըթմանը լրագրողների ներկայությամբ ասել է. «Տեսաք Գյուլի կինը վերջին անգամ ինչ հագուստ էր կրում: Այդպիսի հագուստ միայն միանձնուհիներն են կրում: Եթե ասեմ Գյուլի կինը նման է պինգվինի` այդ դեպքում պինգվիններին վիրավորած կլինեմ».- ասել էր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավորը:
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ նաեւ լուրջ վիճաբանություն իշխող կուսակցության պատգամավորի եւ «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորների միջեւ, վեճը մի կերպ հանդարտեցվեց:
Քննարկումների հաջորդ օրն աչքի ընկավ 21-րդ դարի համար անսպասելի ելույթով: Թուրքական խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը, ոչ ավելի, ոչ պակաս, քրդական հարցի կարգավորման համար օրինակ բերեց 1937-1938 թվականների Թունջելիի (Դերսիմ) քրդական կոտորածները: Նշենք, որ այդ տարիներին թուրքական իշխանությունը արյան մեջ խեղդեց քրդական ապստամբությունը Թունջելիում: Այս ելույթին անմիջապես արձագանքեցին Թունջելիի բնակիչները, իսկ Թունջելի քաղաքապետը եւ մյուս պաշտոնյաները կոչ արեցին Օնուր Օյմենին ներեղություն խնդրել թունջելիցիներից: Նշենք, որ Օնուր Օյմենը ունի ընդգծված հակահայկական վարքագիծ: Իսկ թուրքական Star-ի թղթակիցը, իր հրապարակման մեջ քննադատելով Օյմենի անհարիր ելույթը, հարցնում է Օնուր Օյմենին, թե ինչու նրանց կուսակցությունը թե հայկական տեղահանությունը, թե Դերսիմի դեպքերը չի ներկայացնում դասագրքերում` քանի որ դրանք նրանց կուսակցության պատմության մի մասն են: Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հիմնադիրն ու հավերժ նախագահը` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է:
Առավել դրամատիկ զարգացումներ ստացան նոյեմբերի 13-ի քննարկումները: Թուրքական ընդդիմությունը պարզապես արհամարհեց իշխանության ներկայացուցչի ելույթը` իր աղմուկ աղաղակով եւ ռեպլիկներով: Այդ ամենը շարունակվեց նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ: Էրդողնը բազմիցս խնդրեց չխանգարել իր ելույթը ռեպլիկներով` նշելով, որ նրանց ելույթներին ոչ ոք չի խանգարել: Սակայն Էրդողանի հորդորները ընդդիմադիրները հաշվի չառան, ավելին, երբ երդողանը իր խոսքում հիշեցնում էր ընդդիմադիրների գործունեության կեղտոտ ձեւերը` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները լքեցին դահլիճը, ինչին Էրդողանն արձագանքեց. «Ձեզ ցտեսություն եմ ասում, առանց ձեզ ավելի հանգիստ կխոսենք»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության առաջնորդ՝ Ահմեդ Թուրքը։ Վերջինս իր տեսակետները արտահայտեց իշխանությունների սկսած ժողովրդավարացման նախաձեռնության հետ կապված եւ նշեց, որ պետք է լուծվի ոչ միայն քրդերի՝ այլ Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Ահմեդ Թուրքի ելույթից հետո նրան ծափահարեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները, իսկ Ահմեդ Թուրքի կուսակիցները ծափահարեցին հոտնկայս։
Թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման խնդրի վերաբերյալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անունից հանդես եկեվ Ադանայից ընտրված պատգամավոր Օմեր Չելիքը: Վերջինիս ելույթը ընդդիմադիր պատգամավորները ամեն կերպ խոչընդոտում էին գոռում- գոչյուններով: Նիստը նախագահող, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը դժվարությամբ կարողացավ համոզել կարգը խանգարող պատգամավորներին չաղմկել եւ հարգել ելույթ ունեցողին: Չելիքը անդրադարձավ ընդդիմադիր Օնուր Օյմենի առաջարկած Դերսիմի օրինակին՝ նշելով. «Փորձառու դիվանագետը թուրք ազգին ի՞նչ է առաջարկում: Դերսիմի դեպքերը պատմության ցավալի իրադարձություններ են: Մենք մեր խղճից ելնելով՝ չենք ցանկանում այն հիշել, եւ այն օրինակ բերելը լրիվ անհեռատեսություն է»:
Ելույթներ ունեցան նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը եւ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին։ Դենիզ Բայկլալը քննադատեց իշխանություններին, որ նրանք ահաբեկիչների հետ բանակցություններ են վարում, երբ ոչ մի եվրոպական երկիր երբեք ահաբեկիչների հետ սեղան չի նստել։
Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը նույնպես անցավ ընդդիմադիրների կողմից ռեպլիկներով եւ բացականչություններով։ Էրդողանը ելույթի սկզբում հիշեցրեց, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը քեն չի դրսեւորել այն երկրների դեմ՝ որոնց հետ պատերազմել է։ Էրդողանը մեջբերեց Աթաթուրքի հայտնի խոսքերը. «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում» եւ ավելացրեց, որ առանց հայրենիքում խաղաղության հասնելու՝ հնարավոր չէ աշխարհի հետ խաղաղության մեջ լինել։ "Մենք գիտենք, որ կան խնդիրներ մեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնական համայնքների մոտ, եւ իշխանությունները պարտավոր են լուծել այդ խնդիրները։ «Թուրքիայի 81 նահանգներում մենք ունեցանք առնվազն մեկ պատգամավոր եւ այդ հարցում մենք միակն ենք։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մեզ վստահեցին։ Որովհետեւ մենք ոչ ոքի օտար չհամարեցինք եւ բոլորին մեր գրկում ընդունեցինք»,- նշեց Էրդողանը։ Վերջինիս, ի դեպ, վերջնականապես նյարդայնացրին ընդդիմադիրների բարձրաձայն ռեպլիկները եւ նա խնդրեց Դենիզ Բայկալին կարգի հրավիրել իր կուսակիցներին, քանի որ նրա խոսելու ընթացքում ոչ մի իշխանամետ պատգամավոր չի խանգարել։ Իսկ երբ Էրդողանը հարցրեց, թե Դենիզ Բայկալի կուսակցությունն իր 3.5 տարի իշխանության ժամանակ ի՞նչ օգուտ է բերել Թուրքիային՝ աղմուկն ավելի շատացավ։ Էրդողանը առանց անուններ նշելոււ ասաց, որ մարդիկ սկսել են վերակենդանացնել Աթաթուրքին՝ իշխանության դեմ օգտագործելու համար։ Այս խոսքերը իրեն վերագրելով՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը լքեց դահլիճը։ Այս դեպքից հետո՝ դահլիճում մնացած ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը իրեն ավելի հանդարտ պահեց, եւ նիստը ավարտվեց առանց միջադեպերի։
Արդեն նոյեմբերի 14-ին, երբ Դենիզ Բայկալը այցելել էր Բուրդուրի քաղաքապետարան, նա մեղադրել է Էրդողանին եւ նրա կուսակցությանը, որ նրանք համագործակցում են քրդական «Ժողովրդավարական հասարակության» եւ PKK-ի հետ՝ նկատելով. «Էթնիկ ինքնությունը պետությունը իր ձեռքով պաշտոնական իրողություն է ցանկանում դարձնել»:
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները խիստ դեմ են նաեւ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին մի առիթով հարց է տալիս, թե՞ պատմական հանձնաժողովում քննարկվելու է արդյո՞ք՝ ո՞ւմ է Արարատ լեռը, Թուրքիայի արեւելյան հատվածը Արեւմտյան Հայաստա՞նն է, թե՞ ոչ։ Ընդդիմության մյուս ամենախիստ առարկությունը կապված է Ղարաբաղի հետ, քանի որ, ըստ ընդդիմադիր կուսակցությունների, իրենք դեմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը առանց Ղարաբաղի հարցը լուծելու։
Սպասենք արձանագրությունների վավերացման դրամատիկ քննարկումներին Թուրքիայի խորհրդարանում։
Անդրանիկ Իսպիրյան
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment