Panorama.am 16,11,2009 - Վրացական իշխանությունները որոշում են ընդունել բացել ռուս-վրացական «Վերին Լարս» անցակետը: Նման որոշում ընդունվել է նոյեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, կառավարության անդամներ, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ, տեղեկացնում են լրատվամիջոցները:
Քննարկումների ընթացքում Սահակաշվիլին հայտարարել է, թե սահմանի բացման դեպքում Վրաստանի եկամուտները կավելանան, Վրաստանը չպետք է կորցնի իր տրանզիտային կարգավիճակը և ամենակարևորը` «մեր երկիրը հնարավորություն կստանա այդ ճանապարհով սեփական բեռները Ռուսաստանի տարածքով տեղափոխել երրորդ երկրներ»:
«Վերին Լարսի» բացումը մեր երկրի համար վտանգ չի ներկայացնում, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Տկաշելաշվիլին:
«Փորձում ենք այնպես անել, որ պաշտպանվեն և Վրաստանի, և Հայաստանի շահերը: Այդ բանակցություններում գլխավոր դերը ստանձնել է արտգործնախարարությունը: Կարող եմ հայտարարել, որ Վերին Լարսի բացումը վտանգ չի ներկայացնում, հակառակը` բացումը տնտեսական և սոցիալական տեսանկյունից նպատակահարմար կլինի», -նշել է նա:
Հիշեցնենք, որ Վերին Լարսը առաջին անգամ փակվել էր 2004-ի սեպտեմբերի մեկին` Բեսլանի հայտնի դեպքերի պատճառով: Իսկ երկրորդ անգամ այն փակվեց 2006-ի հուլիս յոթի լույս ութի գիշերը:
Նկատենք նաև, որ անցակետի բացման ուղղությամբ Ռուսաստանի և Վրաստանի միջև տարվող բանակցություններում միջնորդ կողմ հանդես է եկել պաշտոնական Երևանը:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment