Monday, November 16, 2009

Օբաման գրեթե համոզել է Մեդվեդևին

Tert.am 16.11.2009 - Երեկ Սինգապուրում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ելակետային հարցերը։ Չնայած Ռազմավարական հարձակողական սպառազինման (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ առկա տարաձայնությունների՝ Մոսկվան ու Վաշինգթոնը մտադիր են կնքել այն արդեն դեկտեմբեր ամսին. դրա համար, կարծես, ԱՄՆ-ը պատրաստ է տեղի տալ Ռուսաստանի որոշ պահանջներին։ Սակայն դեկտեմբերի 5-ին ռուս-ամերիկյան գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ ոչ թե ՌՀՍ պայմանագրի ստորագրումը, այլ Ռուսաստանի որոշումը միանալ Իրանի դեմ նախատեսված պատժամիջոցներին, եթե Թեհրանի հետ բանակցությունները չպսակվեն հաջողությամբ։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Իրանի խնդրին, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առաջարկում են Իրանին երկու ճանապարհ. «Առաջինը՝ դա Իրանի ինտեգրումն է միջազգային հանրություն. Իրանը պետք է հրաժարավի միջուկային զենքի արտադրությունից։ Երկրորդը՝ Թեհրանի վրա ճնշման գործադրումն է, որպեսզի այն կատարի իր պարտավորությունները»։ Միացյալ Նահանգները, կարծես, արդեն իրենց համար եզրակացության են եկել, թե որ ճանապարհն է ընտրել Իրանը։ «Ցավոք, Իրանը չկարողացավ գտնել հստակ առաջարկների պատասխանները։ Պատասխանի համար ժամանակը սպառվում է»,- նշել է Բարաք Օբաման։ Այս իրավիճակում, ըստ վերջինիս, «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկելու են Իրանին միջազգային պարտավորությունների իրականացման ճանապարհ, և մյուս կողմից, քննարկելու են այլընտրանքային ուղիները»։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Իրանի հանդեպ մոտեցման գրեթե միակ սկզբունքային տարբերությունը, ըստ Коммерсант թերթի տվյալների, ժամկետների սահմանման մեջ է, որից հետո գործարկվելու է պատժամիջոցների մեխանիզմը։ Ըստ ռուսական թերթի աղբյուրների, որոնք ծանոթ են այդ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքին, Միացյալ Նահանգների համար ժամկետը դեկտեմբերի սկիզբն է։ Կրեմլը, կարծես, ամենևին էլ չի ցանկանում ինչ-որ հստակ ամսաթիվ նշել (համենայն դեպս, հրապարակավ) և հակված է գործել «ըստ հանգամանքների»։

No comments: