Tuesday, November 3, 2009

Ադրբեջանի տրանսպորտի նախարարը կուսակցություն է հիմնում

Մուսավաթ.քոմ-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի տրանսպորտի նախարար, օլիգարխ Զիյա Մամեդովը իրեն պատկանող «Մերիդիան» հյուրանոցում հոկտեմբերի 27-ին գաղտնի հանդիպում է կազմակերպել իր մոտ շրջանակի հետ, որտեղ որոշել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար սեփական քաղաքական կուսակցությունն ու մամուլը ստեղծել: Հավաքին մասնակցել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Ազերյոլսերվիս» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը, «Բաղլան» հոլդինգի և «Բաքը» ֆուտբոլային ակումբի նախագահ Հաֆիզ Մամեդովը, Զիյա Մամեդովի մոտ ազգական Նամուս Մամեդովը և էլի մի քանի հոգի: Հավաքի հիմնական նպատակը տրանսպորտի նախարարի ունեցած ֆինանսական և վարչական հնարավորությունների օգտագործմամբ նրա և նրա շրջապատի` Ադրբեջանի քաղաքական համակարգում ավելի լուրջ տեղ զբաղեցնելու համար որոշ կազմավորումներ ստեղծելու և միձոցառումներ ձեռնարկելու ծրագրի քննարկումն է եղել: Հավաքում որոշվել է տրանսպորտի նախարարի հսկողության տակ մեկ կամ երկու օրաթերթ ստեղծել և, միևնույն ժամանակ, ֆինանսների միջոցով իրենց կողմը քաշել նյութապես ծանր կացության մեջ գտնվող թերթերին: Որոշվել է նաև ակտիվորեն պայքարել առաջիկա տեղական և խորհրդարանական ընտրություններում` իրենց շրջապատի մարդկանց, ինչպես նաև իրենց օգտին աշխատող քաղաքական գործիչներ անցկացնելու համար: Զիյա Մամեդովը այդ ուղղությամբ բոլոր աշխատանքների ղեկավար է նշանակել Նամուս Մամեդովին, ում հանձնարարվել է նաև Բաքվում վերջերս շահագործման հանձնված միջազգային ավտոկայարանի ընդհանուր վերահսկողությունը: Մուսավաթ.քոմ-ը հայտնել է, որ օլիգարխ-նախարարի անցկացրած հավաքը սկզբից մինչև վերջ գաղտնի կերպով տեսագրվել է, ինչը ցույց է տալիս, որ իշխանության կազմում մի այլ լուրջ խմբավորում աշխատում է տրանսպորտի նախարարի դեմ և նրա մասին վարկաբեկող նյութեր հավաքում:

No comments: