Tuesday, November 3, 2009

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ «ՇՐՋՈՒՄ ԵՆ» ԶԻՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ

«ԱԶԳ», 03-11-2009 - Վերջերս Ինգուշիայի նախագահ Յունուս-բեկ Եվկուրովը ռուսական առաջին ալիքով հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք մուտք են գործում Ինգուշիա, այնուհետեւ հայտնվում են տեղի անտառներում` զենքը ձեռքին: «Ադրբեջացիները ոչ միայն պաշտպանում են մեր երկրի ներսում գործող հանցավոր խմբերին, այլեւ անմիջականորեն մտնում են նրանց կազմի մեջ», հայտարարել է Եվկուրովը:Նշենք նաեւ, որ վերջերս բացահայտվեց ինգուշական հանցավոր-ահաբեկչական խմբավորումներից մեկի առաջնորդի` Դոկու Ումարովի անձնական թիկնապահի անունը: Նրա դիակը զննելիս հայտաբերվել էր ադրբեջանական անձնագիրը` Մուրադով Ակիֆ Յահյա օղլու անունով:Տարբեր ահաբեկչական խմբավորումների մեջ ադրբեջանցիների անդամակցության մասին բազմիցս է խոսվել, ընդ որում բավականին բարձրաստիճան պետական, քաղաքական գործիչների կողմից: Այսպես, Ադրբեջանի նկատմամբ կոշտ հայտարարություններով է հանդես եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Նրա խոսքերով` Ադրբեջանը Հյուսիսային Կովկասի ահաբեկչական խմբավորումներին ապահովում է զենքով, եւ այդ երկրից է գալիս թմրանյութերի հիմնական բաժինը: Միեւնույն ժամանակ Կադիրովն ասել է, որ Ադրբեջանում դեռ սովետական ժամանակներից պահպանվել են զինամթերքի պահեստներ. «Ահաբեկիչների բոլոր զենքերը մեզ մոտ գալիս են այդտեղից: Վերջերս Ադրբեջանից մեզ մոտ էր գալիս հերոին, հիմա էլ` տրոտիլ եւ ավտոմատներ», հայտարարել է Չեչնիայի նախագահը:Ավելորդ չէ նաեւ նշել, որ դեռեւս առաջին չեչենական պատերազմի ժամանակ ռուսական պետական մարմիններն ու տարբեր լրատվամիջոցներ այս կամ այն կերպով մեղադրում էին Ադրբեջանին, որ այդ երկրի տարածքով Չեչնիա են ներթափանցում զինյալ ահաբեկիչներ;

No comments: