«ԱԶԳ, 14-11-2009 - Քրդական հարցի քննարկումը Թուրքիայի խորհրդարանում մի քանի օր առաջ տաք է եղել եւ ուղեկցվել չափն անցնող հայտարարություններով՝ այդ մասին «Ազգը» տեղեկացրել է: Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Օնուր Օյմենը, որը հայտնի է հայերի եւ քրդերի դեմ ծայրահեղական մոտեցումներով, անցել է չափը եւ ասել, որ քրդական հարցը պետք է լուծել քրդերին կոտորելով: Թուրքիայի թերթերից մի քանիսն ամոթալի են անվանել Օյմենի ելույթը խորհրդարանում: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե երկրի հարավ-արեւելքում առկա խնդիրները միայն քաղաքական լուծում ունեն, եւ պետք է ամեն ինչ անել, որ մայրերն արցունք չթափեն այլեւս: Իսկ ահա Օյմենն իր ելույթում 1937-38 թվականների քրդական կոտորածների մասին ասել էր. «Դերսիմում արտասվեցի՞ն: Չեն արտասվել, որովհետեւ մայր չմնաց: Մայրերին իրենց գրկում եղած երեխաների հետ կոտորեցին»:
Ահա այս ֆոնին երեկ Թուրքիայի խորհրդարանում սպասվում էր Էրդողանի ելույթը: Նա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պետք է խոսեր մի շարք կնճռոտ հարցերի մասին: «Սաբահի» մատուցմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նշանակության մասին, որը պետք է դրական ազդի Թուրքիայի վարկանիշի վրա, կառավարության քրդական նախաձեռնության մասին, որը պետական քաղաքականության բաղադրիչ է` 30 տարվա հակամարտության արյունահեղությունը դադարեցնելու եւ խնդրի խաղաղ լուծման անհրաժեշտության մասին է այդ նախաձեռնությունը:
Թուրքիայի խորհրդարանի երեկվա նիստը փաստորեն «պատմական» կարող է դառնալ: Երեկ այս նյութը պատրաստելու պահին խորհրդարանի նիստը սկսվել էր, օրակարգի հարցը կառավարության քրդական նախաձեռնությունն էր` կամ քրդական հարցը: Թուրքական խորհրդարանում սահմանվել էր ուժեղացված հսկողություն` հոկտեմբերի 10-ի սկանդալի կրկնությունը բացառելու համար: Ըստ թուրքական հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի, որոնցից լուրեր են քաղել լրատվական կայքերը, առաջինը ելույթ է ունեցել կառավարությունից լիազորված ներքին գործերի նախարար Բեշիր Աթալան, նրան հաջորդել են խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իսկ Էրդողանի մեկժամանոց ելույթը սպասվում էր, որտեղ նաեւ անդրադարձ էր լինելու հայ-թուրքական հարաբերություններին: Մանրամասները կներկայացնենք:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment