Tuesday, November 17, 2009

Թուրք ազգայնականնները շարունակում են սպառնալ հայազգի լրագրողին

News.am-17-11-2009- Թուրքական Taraf Daily թերթի սյունակագիր, ծագումով հայ Սեւան Նիշանյանը սպառնալիքներով լի մոտ 400 հարյուր նամակ է ստացել թուրք ազգանյականներից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Սեւան Նիշանյանը: Հիշեցնենք, որ Նիշանյանը Taraf Daily-ի էջերում փոքր-ինչ ձեւափոխել էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ երիտասարդությանն ուղղված «Ուղերձը», մասնավորապես «Ձեր առաջին գործը պետք է լինի թուրք լինելը» նախադասությունը փոխարինելով «Ձեր առաջին գործը պետք է լինի մարդ լինելը» արտահայտությամբ: Նիշանյանը թերթի էջերում նաեւ գրել էր, թե Աթաթուրքի պաշտամունքը Թուրքիայում գնալով վերանում է, ինչին էլ հաջորդել էին սպառնալիքները: Նիշանյանը «Մենք կստիպենք քեզ գրել „Ուղերձի“ ճիշտ տեքստը արյունով», «Մենք կսպանենք քեզ, ինչպես այդ շանը՝ Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդություն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին՝ հանուն թուրքերի եւ մարդկության», «Դու կենդանիներ եք, որոնց պետք է սպանել», «Մահ հայերին» եւ այլ սպառնալիքներով մոտ 400 նամակ է ստացել, որոնք փոխանցել է ոստիկանությանը, որտեղ գործ են հարուցել լրագրողին սպառնալու եւ վիրավորանքներ հասցնելու համար: Նիշանյանը NEWS.am-ին հայտնեց, որ թուրքական ոստիկանությունն առաջին իսկ օրվանից սրտացավ վերաբերմունք է դրսեւորել, ի տարբերություն թուրքական զինվորականության, որն էլ, ամենայն հավանականությամբ կանգնած է նամակների ետեւում, եւ հետապնդում է հայ լրագրողին: Այդուհանդերձ, Նիշանյանը վստահեցրեց, որ Թուրքիայում մթնոլորտը շատ է փոխվել հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, եւ Թուրքիան գնում է հանդուրժողականության ճանապարհով: «Առաջ անկարելի էր շատ բաներ խոսել, բայց հիմա հնարավոր է: Հույս ունեմ, որ առաջիկան շատ ավելի լավ կլինի»,- ազդարարեց Սեւան Նիշանյանը: Ի դեպ, հարցին, թե երբ են թուրքական խորհրդարանում վավերացվելու հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, Taraf Daily-ի թղթակիցը նշեց, թե «Մարդ բան մը չգիտե: Կառավարությունը դեռ ոչինչ չի ասում»:

No comments: