«Լրագիր» 2,11,2009- Խորհրդարանում ներկայացնելով 2010 թվականի բյուջեն, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել էր 2009 թվականի դասի մասին: Ըստ նրա, 2009-ի դասն այն է, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը ցածր է, կա երկար փողերի անբավարարություն, որը նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Ըստ վարչապետի, դաս է նաեւ տնտեսության մեջ առկա օլիգոպոլ համակարգը եւ մրցակցային ցածր մակարդակը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում թերի մոտիվացիոն մեխանիզմները, իսկ առողջապահության եւ կրթության համակարգում էլ լուծման կարոտ են ֆունդամենտալ խնդիրներ:
Տպավորությունն այնպիսին է, որ Տիգրան Սարգսյանն այդ ամենի մասին տեղեկացել է միայն 2009 թվականին, իսկ մինչ այդ նա բացարձակապես ոչ մի տեղեկություն չուներ Հայաստանի, Հայաստանի տնտեսության, կառավարման համակարգի թերությունների, բարեփոխման կարիք ունեցող ոլորտների մասին: Մինչ այդ Տիգրան Սարգսյանը երեւի թե արտասահմանում էր աշխատում, բայց համաշխարհային ճգնաժամի պարտադրմամբ, մյուս խոպանչիների շարքում, ստիպված վերադարձել է հայրենիք եւ տեսել այն իրավիճակը, որ առկա է երկրում: Այդ տպավորությունը կարող է ստանալ մարդը, տեղեկանալով, թե ինչ դաս է քաղել Տիգրան Սարգսյանը 2009 թվականից:
Իրականում, իրավիճակը փոքր ինչ այլ է: Տիգրան Սարգսյանին թերեւս մինչեւ վարչապետ նշանակվելը, ինչը տեղի ունեցավ 2008 թվականի ապրիլին, պետք է որ հայտնի լիներ թե տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի, թե երկար փողերի բացակայության, թե օլիգոպոլ եւ մոնոպոլ տնտեսության, թե պետական համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայության, թե առողջապահության եւ կրթության ոլորտների բարեփոխման անհրաժեշտության մասին: Ում, եթե ոչ երկար տարիներ կենտրոնական բանկի նախագահ աշխատած անձին պետք է ամենից լավ հայտնի լինեին այդ խնդիրները: Հետեւաբար այդ ամենը Տիգրան Սարգսյանի համար ոչ թե պետք է լիներ 2009-ի դասը, այլ պետք է լիներ 2009-ի արդյունքը, գոնե որոշ մասով:
Այսինքն, Տիգրան Սարգսյանը, որ 2008 թվականի ապրիլից նշանակվեց վարչապետ եւ սկսեց հրապարակային ելույթներում նոր որակի գործունեության եւ նոր որակի մտածողության մասին քարոզել, 2009 թվականի ավարտին արդեն իսկ պետք է կարողանար որոշակի արդյունքներ ներկայացնել այդ ուղղություններով, ոչ թե դրանք մատնանշեր որպես դաս: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կան այդ խնդիրները, ու կան վաղուց, եւ հատկապես զգալի են դարձել այժմ, երբ երկիրը կանգնել մնացել է զարգացման ինչ որ հատվածում եւ էլ առաջ չի գնում, որովհետեւ զգում է նոր շնչառության, բարեփոխումների երկրորդ սերնդի անհրաժեշտության կարիք: Տիգրան Սարգսյանը մեկուկես տարվա վարչապետությամբ չէր կարող իհարկե մատնանշված խնդիրները լուծել ամբողջությամբ, բայց գոնե ինչ որ չափով պետք է նկատելի լիներ որոշակի փոփոխություն այդ խնդիրների չեզոքացման առումով: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը դրանք մատնանշում է ընդամենը որպես 2009 թվականի դաս, այն դեպքում, երբ այդ խնդիրները կան արդեն քանի տարի եւ արդեն քանի տարի է, որ առնվազն ընդդիմադիր ուժերն ու գործիչները, ինչպես նաեւ մամուլը խոսում են այդ մասին: Թեկուզ խոսում են շահարկելու համար, թեկուզ խոսում են ոչ լավագույն, այսպես ասած պատասխանատու մղումներով, բայց չէ որ խոսում են, եւ չէ որ կան այդ խնդիրները, դրանք օդից վերցված չէին: Ուրեմն միթե զավեշտալի չէ, որ 2010 թվականի շեմին այդ մասին խոսվում է ընդամենը որպես 2009 թվականի դաս:
Ուրեմն ստացվում է, որ 2008 թվականի ապրիլից մինչեւ հիմա Տիգրան Սարգսյանն ընդամենը դաս էր քաղում: Տիգրան Սարգսյանը մեկուկես տարի դաս էր տալիս եւ դաս էր քաղում, մինչդեռ հանրության ակնկալիքը կոնկրետ գործն էր, որն ավելի խոսուն կլիներ, քան որեւէ հրապարակային ելույթ: Դրանք շատ էին, շատ շատ, խոսուն էին, շատ խոսուն, բայց իրավիճակը դրանից մնում էր բացարձակապես անփոփոխ: Այդ տեմպը եւ գործունեության արդյունավետության այդ մակարդակը պահպանվելու դեպքում անկասկած է, որ 2010 թվականի նոյեմբերին խորհրդարանում ներկայացնելով 2011 թվականի բյուջեյի նախագիծը, Տիգրան Սարգսյանը, եթե մինչ այդ մնա վարչապետ, որպես 2010 թվականի դաս կներկայացնի այն, ինչը ներկայացրեց օրեր առաջ որպես 2009 թվականի դաս: Այսինքն, Հայաստանն էլի կմնա նույն դասարանում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment