Tert.am 2.11.2009 - «Հայկական մամուլը խոսում է Թուրքիայի հետ թուրքերեն լեզվով»՝ նման խորագրով հոդված է տեղ գտել Today's Zaman թուրքական թերթի կայքում։
Հոդվածի հեղինակ Յոնջա Դողանը նշում է, թե անսովոր է տեսնել, որ որոշ հայկական կայքեր նաև թուրքական տարբերակ ունեն։
«Tert.am–ի գլխավոր էջի վրա վառ գույնով գրված է Şimdi Türkçe (այժմ՝ թուրքերեն)։ Ընդամենը մի քլիք, և հնարավոր է տեսնել գլխավոր նյութը թուրքական էջի վրա», – նշում է հոդվածագիրը։
Յոնջա Դողանը ճշտել է և տեղեկացրել թուրքական հանրությանը, որ Հայաստանում առաջինը թուրքերեն նորությունները սկսել է իր կայքում տպագրել «Ազգ» թերթը։
«Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշել է, որ երբ իրենք բացեցին թուրքական տարբերակը, ստանում էին տարբեր արձագանքներ իրենց ընթերցողներից՝ «լավ գնահատականից» մինչև «անեծքներ»։
Հոդվածագիրը Հայաստանում գրանցված միտումի մասին հարցեր է ուղղել նաև թուրքական առաջատար թերթերի ներկայացուցիչներին։
«Շատ լավ զարգացում է այն, որ մարդիկ ցանկանում են իմանալ՝ ինչ են մտածում հայերը։ Երբ հայ–թուրքական հարաբերություններում զարգացում կա, ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպես է դա անդրադառնում Հայաստանյան իրադարձությունների վրա», – ասել է Դեմեթ Բիրգե Էրգյունը, ով «Ռադիկալ» թերթի լուրերի խմբագիրներից մեկն է։
«Ես իմացա, որ Tert.am-ը սկսել է լուրեր հրապարակել թուրքերենով, և այժմ ամեն առավոտ այցելում եմ այդ կայքը թուրքական թերթերը կարդալուց հետո», – նշել է նա։
Sabah–ի խմբագիր Էրդինչ Էրգենչն ասում է, որ որպես լրագրող ինքը պարտավորված է զգում իմանալ, թե «ինչ է խոսում և անում մյուս կողմը», և դրա համար լավագույն տարբերակ է այցելել հայկական կայքերի թուրքական տարբերակը։
Նա հավելում է, թե «տխուր է տեսնել», որ թուրքական կողմը նմանատիպ գործընթացներում չի ներգրավված, և Թուրքիայում չեն գրում հայերեն։
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment