Tuesday, November 3, 2009

ԱՅ ԻՄ ԳՆԴԱԿ, ԻՄ ԳՆԴԱԿ

«Լրագիր» 2-11-2009- Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի կարողանում տրամաբանական պատասխան տալ հարցին, թե ինչու հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում Հայաստանը պիտի սպասի Թուրքիային: Չէ որ այդ սպասողական վիճակը հակասում է նախաձեռնողական արտաքին քաղաքականության տրամաբանությանը: Ավելին, նախաձեռնողականությունը եւ ակտիվությունը ենթադրում է, որ մինչ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, Հայաստանի խորհրդարանը կհասցնի դրանք մի քանի անգամ վավերացնել: Ինչքան շատ վավերացվեն, այդքան մեծ կլինի միջազգային հանրության գոհունակությունը: Ինչքան գոհ լինի միջազգային հանրությունը, այնքան Թուրքիան ու Ադրբեջանը դժգոհ կլինեն: Ինչքան դժգոհ լինեն Թուրքիան ու Ադրբեջանը, այնքան մենք երջանիկ կլինենք: Բայց արի ու տես, որ չգիտակցելով երջանկության մեխանիկան, Հայաստանը սպասում է, որ նախ վավերացնի Թուրքիայի խորհրդարանը: Բայց գոնե կարողանար իշխանությունը բացատրել, թե ինչու է սպասում: Բացատրության փորձեր հնչում են, այն էլ հարց տալուց հետո: Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով իհարկե տնտեսագետ է եւ աշխարհաքաղաքական հարցերում գուցե այնքան էլ բան չի հասկանում, հայտարարում է, որ թուրքերին չենք վստահում եւ միայն նրանց գործը տեսնելուց հետո կարող ենք համոզված լինել: Բայց այդ կարծիքի մեջ, մեղմ ասած, տրամաբանությունը շատ թույլ է: Լավ, թուրքերին չենք վստահում եւ մտածում ենք, որ նրանք կարող են չվավերացնել կամ վավերացնելուց առաջ նորանոր պահանջներ ներկայացնել: Բայց ինչն է մեզ խանգարում, որ ինքներս վավերացնենք փաստաթուղթը: Եթե թուրքերը չեն վավերացնի, ապա դա նրանց հեղինակության վրա կազդի, միջազգային հանրությունը նրանց կքննադատի, եթե ինչպես Հայաստանի իշխանությունն է պնդում` միջազգային հանրությունն էլ կողմ է առանց նախապայմանների վավերացմանը:Եթե մենք վավերացնենք, իսկ թուրքերը հետո նոր պայմաններ առաջադրեն վավերացման համար, ինչն է մեզ խանգարում հրաժարվել այդ պայմաններից եւ վավերացումից: Ավելին, ինչն է մեզ խանգարում թուրքերին ուղղակի ստիպել վավերացնել, առաջնորդվելով այն առաջարկով, որ արեց Դավիթ Շահնազարյանը` վավերացնել, բայց պայմանով, որ եթե երկու ամիս անց թուրքերը չեն վավերացնում, ապա Հայաստանի վավերացումը համարվում է ուժը կորցրած: Միթե մեզ պետք չէ այն հարաբերությունը, որը իբր թե մենք էլ հենց նախաձեռնել ենք: Զարմանալի է Հայաստանի այդ պահվածքը: Իհարկե լավ է, որ արձանագրությունները չեն վավերացվում, քանի որ այդ տեսքով վավերացումը Հայաստանին դարձնելու է թուրքական քաղաքականության պատանդ: Պարզապես Հայաստանի իշխանության տրամաբանությունն է անհասկանալի, որ մի կողմից գովում են արձանագրությունները, մյուս կողմից, չգիտես ինչու, չեն շտապում դրանք վավերացնել: Ինչից են անհանգստանում, ինչի վրա են կասկածում: Թե իրենք էլ չգիտեն` պետք է վավերացնել, թե այդքանն էր նախատեսված ֆուտբոլային դիվանագիտության այս խաղակեսի համար, եւ այժմ մեզանից պահանջվում է սպասել: Թերեւս դրանով կարելի է բացատրել արտահայտությունը, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Մինչդեռ դիվանագիտության մեջ ավելի անհեթեթ արտահայտություն, քան այն, որ գնդակն այս կամ այն դաշտում է, թերեւս չի կարող լինել: Բանն այն է, որ կարեւորը ոչ թե գնդակի որտեղ գտնվելն է, այլ ում մոտ գտնվելը: Գնդակը Թուրքիայի դաշտում է, թե Հայաստանի դաշտում, կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե ում մոտ է գնդակը: Պայքարը պետք է լինի գնդակին տիրելու համար, առավել եւս, եթե խոսքը ֆուտբոլային, ոչ թե վոլեյբոլային դիվանագիտության մասին է: Հայաստանն այժմ գնդակը ոչ թե տեղափոխել է Թուրքիայի դաշտ եւ այնտեղ է փորձում խաղալ, այլ ուղղակի հարվածել է այդ կողմ, իր դաշտից ինչքան հնարավոր է հեռու, որովհետեւ չգիտե, թե ուրիշ ինչ կարելի է անել այդ գնդակի հետ: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: