Aysor.am 2.11.2009- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հարցազրույց է տվել «Վրեմյա նովոստեյ» ռուսաստանյան պարբերականի թղթակից Իվան Սուխովին, որտեղ պարզաբանել է, թե ինչ օգուտ կարող են ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից գործընթացի մասնակիցները և երկու երկրների հարևանները:
Հայ-թուրքական հարաբերություններում Մոսկվայի դերի և Հարավային Կովկասում վերջինիս ազդեցության հնարավոր նվազեցման վերաբերյալ թղթակցի հարցին Պիտեր Սեմնեբին պատասխանել է, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս իրավիճակը չի կարող երկար տևել», և բոլորը պետք է տրամադրված լինեն հարաբերությունների բարելավման, սահմանի բացման ուղղությամբ:
«Պետք է ուսումնասիրել, թե ինչպես նոր իրավիճակում կարելի է պաշտպանել և զարգացնել շահերը տարածաշրջանում: Վրաստանում պատերազմը բոլորին ցույց տվեց, որ մեծ ռիսկեր են առկա` կապված տարածաշրջանում կոնֆլիկտների շարունակման հետ: Դա որոշակի ընթացք հաղորդեց նաև հայ-թուրքական հարաբերություններին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա վաղուց է քայլեր ձեռնարկում` ցույց տալով, որ ակնկալում է Կովկասում իրավիճակի փոփոխություն: Ռուսաստանը այժմ ներդրումներ է իրականացնում Հայաստանի ենթակուռացվածքներում, երկաթգծեր կառուցում այնտեղ: Դա ներդրումներ են, որոնք շահութաբեր կլինեն միայն սահմանների բաց լինելու դեպքում», - ասել է Պ.Սեմնեբին:
«Ռուսաստանը մեծ շահեր ունի Հայաստանում, այդ թվում` տնտեսական: Եթե Ռուսաստանը միջոցներ է ներդրել Հայաստանում` էներգետիկ ենթակառուցվածքներում և այլն, ապա նույնպես հետաքրքված է Հայաստանի տնտեսության զարգացման հարցում: Իսկ դրա զարգացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայամաններ: Հայաստանի տնտեսության աճի ամենակարևոր գործոնը Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը և դրան առավել ուժգին դինամիկայի հաղորդումը նույնպես ռուսաստանյան շահերից է բխում», - նշել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Թղթակցի հարցին, թե ե՞րբ կբացվի հայ-թուրքկան սահմանը, Սեմնեբին պատասխանել է, որ դա տեղի կունենա երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունները վավերացնելուց և վավերացման փաստաթղթերը փոխանակելուց երկու ամիս անց: Նա նաև վստահություն է հայտնել, որ արձանագրությունները կվավերացվեն, թեև չի կարելի 100 % երախաշխավորել, որ այդպես կլինի:
«Սա Թուրքիայի` հարևանների հանդեպ նոր քաղաքականության առաջին օրինակներից մեկն է: Իհարկե, Թուրքիայի համար կարևոր է նաև ի նկատի ունենալ Ադրբեջանի շահերը և այն, թե ինչ են ասում ադրբեջանցիները: Սակայն, վերջիվերջո, այս գործընթացի ավարտը բխում է Թուրքիայի շահերից», - կարծիք է հայտնել ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Ղարաբաղյան հիմնախնդրին` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ:
«Դրանք երկու տարբեր կոնֆլիկտներ են, և պետք չէ կապակցել մեկը մյուսի հետ: Հակառակ դեպքում, հեշտությամբ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ կրկին կվերանան հարաբերությունների կարգավորման հնարավորությունները», - նշել է Պ.Սեմնեբին և հավելել, որ, այնուամենայնիվ, պետք է անել այնպես, որ երկու կոնֆլիկտները դրական կերպով ազդեն մեկը մյուսի վրա:
Իսկ հարցին, թե ի՞նչ կոնկրետ զիջումների են պատրաստ գնալ Հայաստանը և Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուցման հարցում, Պիտեր Սեմնեբին պատասխանել է, որ ամեն ինչ նշմարված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայտնի են դարձել «մեծ ութնյակի» հանդիպումից հետո: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամենաբարդն է և դրա լուծումը մնում է «անորոշ ապագայում»:
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment