Aysor.am.24-12-2009- «1990 թ-ի հունվարին Բաքվում տեղի հայերի ջարդերի մասին պատմող ֆիլմի աշխատանքներն արդեն մոտենում են իրենց ավարտին»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց «Բաքու 1990 թ-ի հունվար` սովորական ցեղասպանություն» ֆիլմի սցենարի հեղինակ, ստեղծագործական խմբի անդամ Մարինա Գրիգորյանը:
Մ. Գրիգորյանի խոսքերով` իրենց հաջողվել է գտնել յուրահատուկ փաստագրական կադրեր, որոնք մինչ այժմ հայտնի չեն եղել լայն հասարակությանը: Բացի այդ, ֆիլմում ընդգրկվել են նաև Բաքվի հայ փախստականների հիշողությունները, հայ և օտարերկրացի փորձագետների գնահատականները, ինչպես նաև մամուլի այդ ժամանակվա հրապարակումներն ու միջազգային փաստաթղթերը:
«Մեր ֆիլմի նպատակն է 1990 թ-ի հունվարին Բաքվում տեղի ունեցածի մասին ճիշտը հաղորդել, ինչը շատ կարևոր է պատմական իրողության և արդարության տեսանկյունից, քանի որ այս ողբերգությունից հետո շուրջ 20 տարի Ադրբեջանում ցանկանում են ոչնչացնել մարդկության առջև կատարված այս հանցագործության վայրագությունների հետևանքները` ցինիկորեն աղավաղելով 1990 թ-ի հունվարյան իրադարձությունները, որոնց զոհ են դարձել, ոչ ամբողջական տվյալներով, շուրջ 300 մարդ, հարյուրավորներն էլ վիրավորվել ու խոշտանգվել են»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը:
Մ. Գրիգորյանը նշեց նաև, որ այդ օրերին Բաքվից աքսորել են տեղի մնացած հայերին` շուրջ 230-235 հազար մարդ: Նրա խոսքերով, «ֆիլմը նաև նվիրված է հարյուրավոր տանջահարների և սպանվածների հիշատակին, ու բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել քաղաքը, որտեղ հայերը եղել են բնիկներ»:
Տեղեկացնենք, որ «Բաքու 1990 թ-ի հունվար` սովորական ցեղասպանություն» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2010 թ-ի հունվարի կեսերին` ողբերգության 20-ամյա տարելիցի օրերին: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հայերենով: Ձայնագրվում են նաև ֆիլմի անգլերեն և ռուսերեն տարբերակները, որոնք նախատեսվում է տեղադրել ինչպես ինտերնետում, այնպես էլ տարածել DVD-ների ձևով:
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment