Friday, December 25, 2009

Թուրքիայում «Էրգենեկոնի» գործով կասկածվող հայտնի գործչին սպանել պատրաստվողը եղել է Հայաստանո՞ւմ

News.am. 24-12-2009- Թուրքիայում սկանդալային «Էրգենեկոնի» գործով որպես կասկածյալ անցնող գեներալ Լեւենտ Էրսոզի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալված անձը պարբերաբար այցելել է Հայաստան եւ տիրապետում է հայերենին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan-ը։ Այն հիվանդանոցում, որտեղ պառկած է «Էրգենեկոնի» գործով կասկածյալ պաշտոնաթող գեներալ Լեւենտ Էրսոզը, Էրհան Քեսքին անունով անձնավորությունը հիվանդանոցի նախասրահում 6 անգամ առաստաղին է կրակել։ Ձերբակալված Էրհան Քեսքինը իրավապահներին հայտնել է, որ մի պաշտոնաթող սպան իրեն պետք է գումար տար՝ սպանություն իրականացնելու համար։ Վերջինս նշել է, որ նախատեսված ժամին ոչ ոք չի եկել եւ ինքը մահափորձի փոխարեն օդ է կրակել։ Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ Քեսքինի նշած պաշտոնաթող սպային։ Էրհան Քեսքինի հարցաքննության ժամանակ պարզվել է, որ վերջինս բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, գիտի հայերեն, սակայն հրաժարվել է ասել թե ինչ նպատակով է այդ երկրներում եղել։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կատարել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ի դեպ պաշտոնաթող Լեւենտ Էրսոզը «Էրգենեկոնի» գործով առանցքային անուններից է։ Վերջինս Ժանդարմերիայի հետախուզության ծառայության ղեկավար եղած ժամանակ ղեկավարել է քրդական PKK-ի մրցակից՝ KAWA խմբավորման դեմ իրականացվող ոչնչացման գործողությունը։ KAWA-ի դեմ ստեղծված զինվորական խմբի կազմում են եղել «Էրգենեկոնի» գործով որպես կասկածյալ անցնող այլ առանցքային անձինք։ 12 անձից բաղկացած հատուկ ջոկատը մի գիշերում Սիրիայի Քամըշլը քաղաքում վերացնում է KAWA խմբավորման ղեկավար կազմի 18 ներկայացուցչի։ Այսպիսով թողնելով PKK-ին առանց մրցակցի։ Այս համատեքստում շրջանառվում է «Էրգենեկոնի» գործով անցնողների եւ PKK-ի միջեւ հավանական կապի մասին խոսակցությունները։

No comments: