«Ազատություն» 4-12-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստանում է շարունակել ջանքերը «խելամիտ ժամկետներում» հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղղությամբ:
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների (ԱՀՀ) խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին ուղղված նամակում Օբաման «պատմական» է որակել երկու երկրների երկխոսությունը: Նամակում, որը ԱՀՀ-ն հրապարակել է հինգշաբթի ուշ երեկոյան, Օբաման ընդգծել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»:
«Առաջիկա ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն կերպով աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը :
Բարաք Օբամայի նամակը, որը թվագրված է նոյեմբերի 20-ի ամսաթվով, ուղարկվել է ի պատասխան ԱՀՀ-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի երկու թեմերի կողմից սեպտեմբերի 9-ին Օբամային հղված դիմումի: Սեպտեմբերի 9-ի նամակում Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն էին հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին` միաժամանակ հայտարարելով, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից:
Նույն նամակում հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Եթե նորմալացման այս գործընթացը ընդամենը օգտագործվի որպես ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատրվակ, այն կարող է հարված հասցնել հարաբերությունների կարգավորմանը եւ հուսախաբ անել մարդկանց», - շեշտել էին նրանք` ակնարկելով, մասնավորապես, ամերիկահայ համայնքի դժգոհությունները «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործումից խուսափելու` Օբամայի քաղաքականությունից:
Իր պատասխանում, սակայն, Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը գործածելուց, փոխարենը այն անվանելով «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը»: Միաժամանակ, ԱՄՆ-ի նախագահը գրել է, որ անցյալում իր արտահայտած կարծիքները մնում են ուժի մեջ:
«Ես հավատում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն անցյալի իրողությունները, որպեսզի առաջ շարժվելու նրանց ջանքերը հաջողությամբ պսակվեն», - նշել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment