Thursday, December 10, 2009

ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ

«ԱԶԳ», 10-12-2009- Մինչ Շվեյցարիան մզկիթներում մինարեթի կառուցումն արգելելու որոշում էր ընդունում, Դիարբեքիրում երեք անձինք ներխուժում են 1750 տարվա Սուրբ Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցի եւ սպառնում են քահանա Յուսուֆ Աքբուլութին, թե Շվեյցարիան արգելել է մինարեթների կառուցումը, մենք էլՙ զանգակատունն ենք արգելում, կքանդե՛ք եկեղեցու զանգակատունը: Այդ մասին նշված է Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում, ըստ որիՙ քահանան դիմել է իրավապահ մարմիններին, ապա ասել. «Անցած ուրբաթ եկեղեցի ներխուժեցին 40-ին մոտ երեք անձինք: Թակելով եկեղեցու բակում գտնվող իմ տան դուռը, ինձ դուրս կանչեցինՙ հարցնելով. «Եկեղեցին զանգակատուն ունի՞»: Ստանալով դրական պատասխան, ասացին. «Պետք է քանդես այդ զանգակատունը, որովհետեւ Շվեյցարիան արգելել է մզկիթներում մինարեթի կառուցումը, մենք էլՙ եկեղեցիներում զանգակատունն ենք արգելում: Մինչեւ հաջորդ ուրբաթ զանգակատունը պետք է քանդված լինի»: Երբ ես ասացի, որ սա պատմական եկեղեցի է, նրա զանգակատունըՙ նմանապես, ի վերջո երկրում պետական իշխանություն գոյություն ունի, նրանք պատասխանեցին. «Ո՞ւմ ուզում ես, գնա բողոքի, այս զանգակատունն այլեւս այստեղ չպետք է լինի, հակառակ դեպքում կանենք այն, ինչ անհրաժեշտ է»: Քահանան վերջում ավելացրել է, որ եկեղեցու տարածքում բնակվում են հինգ, իսկ Դիարբեքիրի կենտրոնումՙ տասը քրիստոնյա ընտանիքներ:

No comments: