Saturday, December 5, 2009

ՀԱՅԵՐԸ` «ԾԵՐԱՑՈՂ ԱԶԳ»

«ԱԶԳ», 05-12-2009- «Հայաստանում ժողովրդագրությունն աղետալի վիճակում է», ահազանգում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը : Նա նկատում է, որ ժողովրդագրական կայունություն Հայաստանում գրանցվել է հեռավոր 70-ականներին: 90-ականներից սկսած Հայաստանում գրանցվել է ծնելիության նվազում, տեղի է ունեցել ժողովրդագրական անկում: Եթե 1986-ին Հայաստանը ծնելիության առումով ռեկորդ է գրանցել` 81.000, ապա 2002-ին գրանցվել է 32.000 ծնունդ: Թեպետ 2008-ին գրանցվել է 40.000 ծնունդ, սակայն դա չի նշանակում, որ երկրում ժողովրդագրական վիճակը կայունանում է: «Ծնող է դառնում 80-ականների սերունդը, դա է պատճառը որ ծնելիության մակարդակը գրանցում է բարձր ցուցանիշներ: Ծնելիության առումով դրական փոփոխություններ չեն սպասվում: Հեռու չէ այն ժամանակը, երբ ծնելիությունը բացարձակ թվով կարող է քիչ լինել, քան մահացածներինը: Դա կոչվում է ապաբնակեցում, որն արդեն մի քանի տարի առկա է Ռուսաստանում»: Եգանյանը նկատում է, որ առաջիկայում միգրացիոն ցուցանիշների նշանակալի ծավալային փոփոխություններ տեղի չեն ունենա: Տեղաշարժերը պայմանավորված կլինեն երկրի ներքին խնդիրներով ու նաեւ արտաքին գործոններով: Օրինակՙ թե այն երկրները, որտեղ հիմնականում նկատվում է հայերի մեծ հոսք` Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ, ինչպես կհաղթահարեն տնտեսական ճգնաժամը: «Մեկնողների եւ ժամանողների բացասական մնացորդը տարեկան միջին հաշվով 7.000-8.000 է: Սա` պաշտոնական տվյալներով, սակայն իմ գնահատմամբՙ մեկնողների եւ ժամանողների բացասական մնացորդը կազմում է 20-25.000 մարդ»: Եգանյանը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, ապա հայերին կարելի է տալ «ծերացող ազգ» բնորոշումը: «Ազգի» հարցին ի պատասխան ժողովրդագիրը նման իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է կիրառել համաշխարհային փորձը: «Պետք է մշակել ժողովրդագրական քաղաքականության ծրագիր, որը ենթադրում է մեծ ծախսեր: Պետք է ակտիվ նպատակային ժողովրդագրական քաղաքականություն մշակել: Դա միշտ չէ, որ ապահովում է առաջընթաց, բայց դա է միջազգային փորձը: Սակայն դա այնքան էլ դյուրին չէ, ենթադրում է ֆինանսավորում, հետազոտություններ, վերլուծություններ: Մինչեւ վերջերս այս առումով ոչինչ չէր արվում, բայց այժմ որոշ շրջադարձեր նկատվում են, սակայն որակի եւ քանակի առումով դա բավարար չէ լուրջ տեղաշարժ որակելու համար»: Պետության իրականացրած ծախսերից Եգանյանն առանձնացրեց սոցապ նախարարությանը կից ժողովրդագրության օղակի ստեղծումը կամ ծնելիության խրախուսման ծրագիրը: Սակայն այս հարցերում էլ նկատվում են որոշակի թերացումներ: Ըստ Եգանյանիՙ խորհրդային տարիներին խրախուսվում էր երրորդ երեխայի ծնելիությունը, մինչդեռ այսօր պետք է խրախուսել երկրորդ երեխայի ծնելիությունը, քանի որ բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ չեն ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ: Ըստ նրաՙ երկրորդ երեխայի ծնելիության խրախուսումը մեծ ազդեցություն կթողնի ծնելիության մակարդակի բարձրացման վրա: Նա ծնելիության ցածր մակարդակը պայմանավորում է ոչ այնքան կրթական, սոցիալական ցածր մակարդակով, որքան հոգեբանական գործոնով. ժողովորդագիրը նկատում է, որ 90-ականներին ձեւավորված անպաշտպանության զգացողությունն այսօր էլ արդիական է: Անդրադառնալով տարածաշրջանում մեր հարեւանների ծնելիության մակարդակինՙ Ռուբեն Եգանյանը նշեց, որ Վրաստանի իրավիճակը Հայաստանից գրեթե չի տարբերվում, բացի այդՙ Վրաստանը ծնելիության լուրջ խնդիրներ ուներ նաեւ ԽՍՀՄ շրջանում: «Վրաստանը բազմաէթնիկ պետություն է: Երկրում վրացական տարրը շագրենի կաշու նման անընդհատ նվազում է, մինչդեռ ադրբեջանական տարրը ավելանում է: Թեպետ Ադրբեջանում նկատվում է ծնելիության նվազում, սակայն լուրջ խնդիրներ այս առումով այնտեղ չկան»:

No comments: