Panorama.am.5-12-2009- Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է աղանդավորության դեմ, ստեղծվում են հատուկ հոգեբանական կենտրոններ, որ մարդկանց աղճատված հոգեբանությունը վերականգնեն: Այս մասին ասուլիսում ասաց բժիշկ-հոգեբան Արմեն Ներսիսյանը:
Նրա խոսքերով, դա շատ դժվար խնդիր է: «Եթե կան այդ վերականգնողական կենտրոնները և խաթարված հոգեբանությունը պիտի վերականգնել, ուրեմն այդ ուսմունքը չի կարող ունենալ առաջնակարգ հոգևոր էություն` ի տարբերություն ճշմարիտ հավատի, որի վրա պետք չէ կասկածել»,- ասաց Ա. Ներսիսյանը:
Բժիշկ-հոգեբանի հավաստմամբ` ապացուցված է, որ աղանդավորների մոտ հոգեկան խանգարումներ են առաջանում: Առաջին հերթին այդ մարդկանց մոտ սկսում են նկատվել վարքագծային խանգարումներ. մարդը դառնում է ագրեսիվ ու անտարբեր` շրջապատի ու հարազատների նկատմամբ, լավ չի սովորում ու սկսում է «աղանդի համար դրամահավաքություն» իրականացնել: Հոգեբանը դրամահավաքության այսպիսի դրսևորումները Աստվածավախության քողի տակ բիզնես անվանեց: Բացի այդ, նրա խոսքերով, մարդու հետ տեղի են ունենում հոգե-մարմնական խանգարումներ, որոնք էլ հանգեցնում են հանկարծամահությունների, սրտամկանի ինֆարկտի, կամ խոցի: Նրա խոսքերով, այսպիսի դեպքերը, հիմնականում, լինում են այն դեպքում, երբ մարդը փորձում է թողնել աղանդը, այդ դեպքում նրա մոտ գործում է վախը: Աղանդավորների մոտ նկատվում են նաև ատիպիկ դիսոցատիկ խանգարումներ, երբ մարդու մոտ տեսիլքներ են երևում, ձայներ է լսում ու մեկնաբանվում է այնպես, թե Աստծո հետ է խոսում, կամ նրա ձայնն է լսում:
Ինչպես նշում է բժիշկ-հոգեբանը, աղանդավորները դադարում են ինքնություն ապրել ու որոշումներ կայացնել: Ի վերջո, ըստ նրա, աղանդավորը հակված է հոգեկան խանգարումների` կախված իր անձի առանձնահատկություններից:
Իսկ ասուլիսին ներկա հոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ աղանդավորության ազդեցության տակ ավելի շատ հակված են ընկնել հոգեբանական ճգնաժամ ապրողները: «Աղանդները հայտնվում են ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում, այնտեղ, որտեղ կա անձի կամ նույնիսկ հասարակական մակարդակով ճգնաժամ»,- ասաց Կ. Նալչաջյանը: Նրա խոսքերով, աղանդները կարողանում են մարդուն ճիշտ ձևով գայթակղել, որից հետո առաջարկում են իրենց օգությունը, «քույրերի ու եղբայրների անշահախնդիր սերը»:
Վերջում նա նշեց, որ հակված չէ մտածել, թե աղանդի դեմ պայքարը զուտ եկեղեցու գործն է: Աղանդի հետ կապված բոլոր հարցերը, ըստ նրա, ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն ու դա հոգեբանակն ներազդման տեսակ է:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment