«ԱԶԳ», 05-12-2009- Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 20-ով թվագրված մի նամակ է ուղարկել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը որակել է պատմական: Նամակում Օբաման նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում` խոստանալով. «Առաջիկա ամիսներին շարունակելու ենք եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»: Այս նամակը պատասխանն է սեպտեմբերի 9-ին Օբամային ուղղված ԱՀՀ-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ԱՄՆ Հայկական առաքելական եկեղեցու նամակի, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները աջակցություն էին հայտնել հայ-թուրքական բանակցություններին, հայտարարել, թե ԱՄՆ-ը Թուրքիային պետք է դրդի հրաժարվելու բանակցությունները ԼՂ խնդրով պայմանավորելու մղումներից, ինչպես նաեւ կոչ էին արել Օբամային` կատարել նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Եթե նորմալացման գործընթացն ԱՄՆ-ն ընդամենն օգտագործի որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատրվակ, դա կարող է հարվածել հարաբերությունների կարգավորմանն ու հուսախաբ անել մարդկանց», նամակում այն ժամանակ գրել էին հայ համայնքի ներկայացուցիչները: Պատասխանում Օբաման, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, կրկին խուսափել է «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց` գործածելով «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը» ձեւակերպումը, թեեւ չի մոռացել շեշտել, որ անցյալում արտահայտած իր կարծիքները մնում են ուժի մեջ. «Ես հավատում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն անցյալի իրողություններըՙ առաջ շարժվելու իրենց ջանքերը հաջողությամբ պսակելու համար», գրել է իր նամակում Օբաման:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment