Saturday, December 5, 2009

Հայաստանը սպասում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության վերջնական խոսքին. Դ Մնացականյան

Panorama.am.5-12-2009- «Քանի դեռ Ադրբեջանի վերաբերյալ մեզ պաշտոնապես որոշում չեն հայտնել, մենք մեր որոշումը չենք ասում: Սպասում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական հեռարձակողների միության վերջնական խոսքին: Եթե այդ խոսքը մեզ գոհացնի, կվարվենք մի կերպ, եթե չգոհացնի` այլ կերպ»,- այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Եվրատեսիլ -2009» մրցույթի ժամանակ հայաստանցի կատարողների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին երկրի ազգային անվտանգության նախարարություն կանչելու հարցը, որոնց թիվը հասնում է 43-ի: Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ կիրառի պատժամիջոցներ, որոնք ենթադրում են դրամական տուգանքից մինչև երեք տարով մրցույթին մասնակցելու իրավունքից զրկում: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի մասնակցել «Եվրատեսիլ-2010-ին», Դ. Մնացականյանը նախ ասաց` «Այս լուսնի տակ ամեն ինչ հնարավոր է», բայցևայնպես, չցանկացավ մանրամասնել: «Աշխատանքը շարունակվում է ու ամեն ինչ անում ենք, որ աշխատանքի արդյունքները բոլորիս գոհացնի: Անում ենք այնպես, որ մրցույթի կանոնները գործեն բոլոր երկրների համար, անկախ նրանից` նրանք նավթի գումար ունեն, թե չունեն: Անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանին վերաբերեն խաղի լիարժեք կողմի ու մասնակցի, հավասար իրավունքներ ունեցող երկրի»,- ասաց նա:

No comments: