Saturday, December 5, 2009

Կրկին բախումներ թուրքական զինուժի եւ քուրդ զինյալների միջեւ

News.am. 5-12-2009- Թուրքիայի գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն՝ երկրի հարավ-արեւելյան Մարդինի նահանգի Նուսայբինի գավառի լեռներում տեղի է ունեցել բախում թուրքական զինված ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ, որի ժամանակ զոհվել է մեկ թուրք սերժանտ, իսկ մեկ վիրավորված զինվորականի ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոց։ Թուրքական Gazetevatan կայքը տեղեկացնում է, որ այս դեպքի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագիր է հղել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում դեռեւս շարունակվում են ռազմական գործողություններ PKK-ի քուրդ զինյալներին չեզոքացնելու համար։ Այս հատվածում զրահամեքենաներին աջակցում են ռազմական ուղղաթիռները։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում թուրքական զինված ուժերը 2009 թվականի սեպտեմբերի 9-ից սկսած սկսել են ակտիվ ռազմական գործողություններ՝ այդ շրջանների լեռներում թաքնված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների դեմ։ Մինչ հոկտեմբերի 1-ը տեւած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 10-ից ավել թուրք զինվոր եւ նույնքան էլ քուրդ զինյալ։

No comments: