Saturday, December 5, 2009

Թուրք նախկին դեսպանը` Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին

Panorama.am.5-12-2009- «Մեր առաջնորդներն Արևելքում առավել հագիստ են». այսպես է վերնագրված թուրք նախկին դեսպան և «CnnTurk» լրատվական ծառայության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Յալըմ Էրալփի հարցազրույցը` «TEMPO» ամսագրին: Ըստ Էրալփի` Թուրքիան հայացքն ուղղում է դեպի Արևելք, որի հնարավոր պատճառները չորսն են: 1. «Օրինակ` 1998-ին Սիրիային վերջնագիր ներկայացվեց: Սառը պատերազմի ժամանակաշրջանում առանց Սովետմիությանը հաշվի առնելու նման բան չէինք կարող անել: Այսօր պայմանները փոխվել են, իրավիճակն այլ է, մանևրելու ասպարեզն ընդլայնվել է»: 2. «Վերջին շրջանում տնտեսական ճգնաժամի պատճառով գումարները սկսել են «հոսել» դեպի Արևելք: Ապրանք վաճառելու համար նոր շուկաներ են փնտրվում»: 3.« Եթե կամենում եք էներգետիկ միջանցք դառնալ, ապա պետք է կարևորեք Կասպիցի ավազանը»: 4.« Մեր առաջնորդները Արևելքում, Ռուսաստանում իրենց ավելի հանգիստ են զգում: Քանի որ Արևելքում վարվող բանակցությունների ժամանակ չի խոսվում մարդու իրավունքներից, դատական համակարգի բարեփոխումներից և այլն: Մինչդեռ Արևմուտքում այդ հարցերն են շարունակ թմբկահարվում»: Թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ փորձագետն ասել է. «Ապրում ենք ժամանակներ, երբ ներքին ու արտաքին քաղաքանություններն արդեն միահյուսված են: Ներսում առկա իսլամականցման գործընթացի արդյունքում որոշ չափով իսլամականացվում է նաև արտաքին քաղաքականությունը: Ւսրայելի հետ ունեցած հարաբերություններն այդ դիտանկյունից պետք է նայել: Թուրքիայի հասարակական կարծիքում հակաիսրայելական երանգ կա: Դա էլ անդրադառնում է Իսրայելի ժողովրդի վրա: Թուրք-իսրայելական հարաբերութունների ապագան պայծառ չեմ տեսնում, քանի դեռ լիդերները չեն խաղաղվել ու վերջ չեն դրել իրենց կոշտ հայտարարություններին»: Նախկին դիվանագետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ դա կարող է հանգեցնել Թուրքիայի համար անցանկալի զարգացումների համաշխարհային քաղաքականության մեջ: Իսկ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ռազմավարական համագործակցության վերաբերյալ Էրալփը միանգամայն հնարավոր է համարել դրա շարունակումը: Ըստ նրա ԱՄՆ-ն Իրաքից դուրս գալուց հետո կցանկանա տարածաշրջանում խաղաղարար դերակատարումը թողնել Թուրքիային` որպես այլ երկրների համեմատությամբ առավել ժողովրդավար ու կայուն պետություն: Հարցազրույցի հարցերի շրջանակն առնչվել է նաև հայ-թուրքական մերձեցմանն ու ադրբեջանական գործոնին: Այդ կապակցությամբ Յալըմ Էրալփն ասել է. «Պետք էր ադրբեջանցիներին համոզել, բայց չկարողացանք: Վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարեց, թե սահմանը չի բացվելու, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Դա ճիշտ չէ: Սանդղակը բարձրացվեց: Քանի որ հայերն ու ադրբեջանցիներն առաջիկայում այսպես թե այնպես որևէ համաձայնության կգային: Իսկ մեզ, անշուշ, հարկավոր է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները»:

No comments: