«Ազատություն» . 24-12-2009- Հասկանալով Հայաստանի համար աննպաստ զարգացումները՝ իշխանություններն այժմ ձգտում են որեւէ կերպ հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից, սակայն փորձում են դա անել այնպես, որ իրենց նկատմամբ չհարուցեն բացասական միջազգային արձագանք։ Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
Ամփոփիչ գնահատականներ տալով ավարտին մոտեցող տարվա ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին՝ Դավիթ Շահնազարյանը, մասնավորապես, ընդարձակ անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին։ Ըստ նրա, հայ-թուրքական արձանագրություններով նշանավորված մերձեցման գործընթացը, թերեւս, բացի Հայաստանի իշխանություններից, մնացյալ բոլոր շահագրգիռ կողմերի համար ավարտված է։
«Ավարտված է Թուրքիայի համար, ավարտված է միջազգային հանրության համար... Հայաստանի իշխանությունները հիմա փնտրտուքի մեջ են, թե ինչպես գոնե մասնակիորեն փորձեն մեղմացնել իրենց կատարած սխալների հետեւանքները», - պնդեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը։
Իբրեւ սխալներն ուղղելուն միտված նման մասնակի քայլ Դավիթ Շահնազարյանը դիտում է միջազգային փաստաթղթերի վավերացումը կարգավորող օրենսդրությունը փոխելու` իշխանության նախաձեռնությունը։
Օրեր առաջ համապատասխան օրենսդրությունը փոփոխելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը որոշ քաղաքագետների կողմից գնահատվեց որպես դիրքորոշման կոշտացում եւ Թուրքիային ուղղված պատասխան սպառնալիք։
«Դա հերթական սխալն է, որ որ նրանք փորձում են կատարել», - կարծիք հայտնեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով. - «Այդ ի՞նչ եք ուզում անել, որ օրենսդրությունը խանգարում է»։
Ընդդիմադիր գործչի կարծիքով իշխանությունները հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում հայտնվել են շատ ծանր` գրեթե անելանելի վիճակի մեջ, եւ դա հետեւանք է այն բանի, որ իշխանությունները այդպես էլ չգիտակցեցին, կամ ցանկություն չունեցան գիտակցելու, որ այդ երկու գործընթացներն իրենց այսօրվա տրամաբանությամբ, որքան էլ հակառակը պնդվի, մեկ միասնական փաթեթի մեջ են։
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment