Sunday, December 27, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ԵՎՍ ՄԻ ԶՈՒԳԱՀԵՌ

«Լրագիր» 25-12-2009- Կարծես թե առաջիկա տարվա համար հայ հասարակությունն ու քաղաքական շրջանակները ստանում են սպասման երկրորդ միավորը` հայ-թուրքական արձանագրություններին միանում է Վերին Լարսի բացումը: Հիմա Հայաստանը ապրելու է ոչ միայն «կվավերացվեն-չեն վավերացվի», այլ նաեւ «կբացվի-չի բացվի» սպասման ռեժիմով: Ռուսաստանն ու Վրաստանը կարծես թե սկսել են ավելի կոնկրետ հայտարարություններ անել Վերին Լարսի անցակետի բացման կապակցությամբ: Արդեն նույնիսկ ժամկետ է նշվում` 2010 թվականի մարտ: Այդ ժամկետը նույնիսկ ավելի մոտ է, քան հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ նշվող հավանական կամ սպասման ժամկետը` ապրիլի 24: Ավելին, Հայաստանը թերեւս այժմ կփորձի կանխագուշակել ոչ միայն առանձին-առանձին հայ-թուրքական արձանագրությունների եւ Վերին Լարսի զարգացումները, այլ նաեւ կփորձի կանխագուշակել, թե դրանցից հատկապես որն իրականություն կդառնա` արձանագրություննե՞րը կվավերացվեն, թե Վերին Լարսը կբացվի: Դժվար է ասել, թե դրանցից որն է ավելի հավանական: Գուցե երկուսն էլ տեղի ունենան միաժամանակ, իսկ գուցե երկուսն էլ մնան ընդամենը որպես հեռանկար: Բայց ինչն է հատկանշական: Հատկանշական է այն, որ հայ-թուրքական վաղեմի հակադրությունը հաղորդակցության ուղիների բացման տեսքով հանգուցալուծման շատ ավելի դժվար է գալիս, քան ռուս-վրացականը, որն ավելի թարմ է: Մեկ տարի առաջ պատերազմող Ռուսաստանն ու Վրաստանը կարծես թե մի քանի շաբաթում ավելի առաջ գնացին Վերին Լարսի բացման հարցում, քան Հայաստանն ու Թուրքիան հայ-թուրքական սահմանի պարագայում: Անշուշտ, հայ-թուրքական հարաբերությունն ու ռուս-վրացականը համեմատելի չեն, քանի որ հայ-թուրքականի պարագայում կան պատմական կնճռոտ խնդիրներ: Բայց, հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների գրեթե անձնական ատելությունը, զարմանալի է թվում, որ օսական պատերազմից մեկ տարի անց նրանք խոսում են ռուս-վրացական սահմանի բացման մասին եւ կոնկրետ ժամկետներ հայտարարում: Կարծես թե ոչ Մեդվեդեւն է Սահակաշվիլիին ֆուտբոլ դիտելու հրավիրել, ոչ էլ Սահակաշվիլին է ֆուտբոլային հանդիպման ժամանակ Վրաստանի հավաքականի դարպասը խփած գոլից հետո ջերմորեն շնորհավորել Մեդվեդեւին: Անշուշտ, պետք չէ շտապել եւ եզրակացնել, թե Վերին Լարսի բացման ժամկետը պահպանվելու է: Բայց փաստ է, թերեւս հետաքրքրական փաստ, որ այդ հարցում կարծես թե ռուսներն ու վրացիները հասան հայ-թուրքական զարգացումների հետեւից եւ այժմ կարծես թե ոչ միայն Ղարաբաղի հարցն է հայ-թուրքականին “զուգահեռ” զարգանում, այլ նաեւ Վերին Լարսինը: Ինչու ռուսներն ու վրացիները այդպես աճապարեցին: Արդյոք դա պայմանավորված էր հենց հայ-թուրքականի հետեւից հասնելու ցանկությամբ, եւ արդյոք դա քաղաքական հաշվարկ էր, թե պարզ նախանձ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: