Saturday, December 5, 2009

ՀՀ նախագահ. Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից

Panorama.am. 4-12-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև հետևողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը և կարևորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հանրապետության Նախագահը սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է մեր երկրի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը: «Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից և նրանց պրոֆեսիոնալիզմից»,-ընդգծել է երկրի ղեկավարը և հավելել, որ սահմանապահների հետ ավանդաբար ձևավորվել են լավ հարաբերություններ և փոխըմբռնում, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես օպերատիվ ու որակյալ լուծումներ տալ ծագող խնդիրներին: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` գեներալ-լեյտենանտ Ստրելցովն ասել է, որ իրենք ձգտում են բարեխղճորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները:

No comments: