News.am. 5-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի համատեքստում, որտեղ թուրք վարչապետը հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, բազմաթիվ հարցեր են ծագում, որ վերաբերում են Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր միտումներին, իր էջերում գրում է թուրքական Hurriyet թերթը:
Այդ կապակցությամբ թերթը 4 հարց է առաջ քաշում, որոնցից մեկը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններին: "Օբաման շահագրգռված է ստորագրված արձանագրությունների վավերացման եւ կյանքի կոչման հարցում: Այդ փաստաթղթերն ԱՄՆ-ում ողջունվել են, քանի որ բխում են նրանց շահերից: Եւ այժմ շատ հետաքրքիր է, թե ինչ կլինի հետո: Հավանաբար Օբաման կասի Էրդողանին. «Լսեք, դուք վատ չեք աշխատել արձանագրությունների վրա, սակայն եկել է ժամանակը դրանք կյանքի կոչելու»:
Ըստ պարբերականի՝ հաջորդ երեք հարցերը վերաբերում են Իրանի եւ Իսրայելի հետ հարաբերություններին եւ Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության ծրագրերին:
Վերոնշյալ հարցերի կապակցությամբ Hurriyet-ը նկատում է, թե "Իրանի դեպքում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Մեկ կամ երկու տարի անց այդ հարցը բավական արդիական կդառնա Անկարայի եւ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ: Եւ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, Թուրքիան դժվար ընտրության առջեւ կկանգնի, քանի որ նրան դժվար կլինի դիմակայել ընդհանուր որոշմանը:
Իսրայելի հետ կապված՝ թերթը նշում է, որ Թել Ավիվի հետ հարաբերությունների վատացումը կանխատեսելի էր Սիրիայի եւ այլ երկրների հետ հարաբերությունների ջերմացման պարագայում։ ԱՄՆ-ը պարզապես կհետաքրքրվի, թե որքան կտեւի այդ վիճակը։
Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, թերթը նշում է, որ Սպիտակ տունը կարող է քննարկել Միջերկրական ծովում ծովային հակահրթիռային հենակայանի հարցը, եւ Օբամայի վարչակազմը կարող է հարցնել Թուրքիայի կարծիքը:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment