Sunday, January 3, 2010

Փորձագետ. 2010թ. Հայաստանը պետք է փոխի իր բնույթը ղարաբաղյան հարցի բանակցություններում

News.am. 2-1-2010- Թուրքիան փորձում է հետաձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մինչեւ 2010թ. ապրիլ կամ ավելի ուշ, որ միջազգային հանրությունը ավելի շատ քննարկի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, եւ նրա համար, որ փաստաթղթերի վավերացումը շաղկապի ղարաբաղյան հարցի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, փորձագետի կարծիքով, հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժեր չեն լինի: «Կողմերը կփորձեն ձգձգել գործընթացը հնարավորինս երկար»,- հայտարարեց Մանասյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է փոխի իր բնույթը բանակցային գործընթացում: «Ներկայիս բնույթը չի բխում հայկական կողմի շահերից: Մենք չենք պատասխանում միջազգային հանրության կողմից Ղարաբաղի վերաբերյալ հաճախ հնչող սխալ հայտարարություններին, չենք ներկայացնում մեր հուժկու փաստարկները: Մենք պետք է հայտարարենք, որ Ադրբեջանն իրավական կամ պատմական որեւէ իրավունք չունի ոչ Ղարաբաղի, ոչ Նախիջեւանի նկատմամբ: Բացի այդ, մենք պետք է միջազգային ատյաններում բարձրացնենք Բաքվում եւ Սումգայիթում հայերի ջարդերի հարցը»,- նշեց փորձագետը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե Անկարան փորձի ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դա կապել ղարաբաղյան հարցի հետ, չի բացառվում, որ Երեւանը դուրս գա հայ-թուրքական երկխոսությունից:

No comments: