Saturday, January 9, 2010

Իշխանությունները նեղմիտ են ու կարճատես. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Tert.am. 8-1-2010- Սիրելի ժողովուրդ ես շատ ուրախ եմ, որ թեև Նիկոլը բանտում է, որ թեև թվով ևս տասնչորս քաղբանտարկյալ գտնվում են բանտերում, համենայն դեպս, այսօր այստեղ տոնական տրամադրություն է: Ես ուզում եմ, որ մեր պայքարը երբեք ջղային պայքար չլինի: Երբեք նյարդային պայքար չլինի:Լինի տոնական պայքար, դա է մեր ինքնավստահության և մեր ճշմարտության գիտակցության չափանիշը, երբեք մռայլություն, տրտմություն վհատություն չպետք է լինի մեր շարքերում, անկախ այն բանից, թե որքան երկար կտևի այդ պայքարը: Որքան երկար, այնքան թանկ: Բայց դուք չե՞ք նկատում, որ մի աննորմալ բան է տեղի ունենում այսօր, աննորմալ բան, որը մեր երկրի այսօրվա հատկանիշն է, ցուցանիշը, դեմքը: Մենք հավաքվել ենք քարոզչական հանրահավաքի և այդ քարոզչության սուբյեկտը այսօր այստեղ ներկա չէ: Պատկերացրեք պետություն, որտեղ պատգամավորության թեկնածուն գոյություն չունի այն հարթակում, որտեղ տարվում է նրա քարոզչությունը: Եվ սա սիմվոլ չէ, խորհրդանշական չէ. Սա օրենքի կոպտագույն խախտում է: Նիկոլ Փաշինյանը իրավունքները խախտված էին ի սզբանե: այն պահին, երբ նա գրանցվեց պատգամավորության թեկնածու նա պետք է ազատության մեջ լիներ: Այսօրվա ընտրությունները, այսինքն, խախտված են հենց առաջին օրվանից, ոչ հավասարության իրավունքի խախտման հարցով, որը ինքնըստինքյան հասկանալի է, այլ բուն նրա անազատության մեջ գտնվելու փաստով: Ես սրա վրա հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնեք: Եթե վերջապես մենք պետություն ենք, պետության մեջ գլխավորը պետության համար դա օրենքի տառն է, եթե խոսում են օրենքի ոգուց, դա անում են միայն օրենքի տառը խախտելու համար : Իսկ օրենքի տառը պահանջում է հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կալանավորվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ, այդպիսի համաձայնություն գոյություն չունի: Եվ կարծեք թե բոլորը բավարարվել են նրանով, որ հանձնաժողովի նախագահն ասել է՝ քանի որ նա արդեն կալանավորված է, նրա համաձայնության կարիքը չկա: Այդպիսի բան ասելու իրավունք չուներ այդ մարդը, այդպիսի բան ասող պետական պաշտոնյան ինքը պետք է պատժվեր առաջին հերթին: Որովհետև պետական պաշտոնյան գործում է միայն օրենքին համապատասխան: եթե օրենքում այդպիսի բան գրված չէ, նա իրավունք չունի այդ բանը ասելու: Մի այլ կողմից որ նայենք Նիկոլի անազատությանը՝ ի՞նչ էր եղել, եթե Նիկոլը լիներ ազատության մեջ: Նիկոլն ինքը մեկ ու կես տարի թաքնված էր, իր կամքով եկավ ներկայացավ արդարադատության, ի՞նչը կխանգարեր այդ մարդկանց. այնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ դրանով իրենք կարող էին նույնիսկ միջազգային վարկ շահել: Նիկոլը եկավ, ընդունեցին, գրանցեցին, նրան բաց թողնեին, նա եկավ արդարադատության համար, նա արդարադատությունից չէր փախչում, հանգիստ կարող էր իր դատավարությանը մասնակցել՝ ամեն օր գալով իր տնից դատարան: Ի՞նչն էր խանգարում: Այս մարդիկ ասում եմ՝ այնքան կարճատես, այնքան հիմար են, որ անգամ իրենց շահը չեն հասկանում:Դրանով այնքան դիվիդենտներ նրանք կշահեին և մեր բերանն էլ կփակեին: Բայց այքնան նեղմիտ են, այնքան գողական մտածողության կրող, որ նրանց խնդիրը արդարադատությունը չէ, բացարձակապես, նրանց խնդիրը պատժելն է, եթե կարող են ցավացնել, պիտի ցավացնեն, ուրիշ բանի մասին նրանք չեն մտածում. եթե կարող ենք ավելի երկար պահել բանտում, պիտի պահենք: Ոչ պետություն, ոչ պետության վարկ, ոչ պետության հեղինակություն. այդպիսի հասկացություններ նրանց մոտ չկան: Քիչ առաջ ասվեց՝ իրենք պատվի հարց են դնում, որ Նիկոլը չանցնի. ի՞նչ պատիվ: Դա գողական պատվի հարց է: Որևէ քաղաքական իշխանություն այս չափանիշերով չի կարող առաջնորդվել, չի կարող այս չափանիշերով մտածել: Խոսվում է բարոյական հաղթանակաների մասին: Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք բարոյական հաղթանակներ ենք տարել: Մեր բոլոր հաղթանակները եղել են իրական հաղթանակներ: Ամենամեծ իրական հաղթանակն այն է, որ նախագահական ընտրություններից երկու տարի հետո մեր ժողովուրդը նույնքան միահամուռ է, նույնքան վճռական և, վստահ եմ, նոր լիցքերով շարունակելու է հարատևել: Սրանից ավելի իրական հաղթանա՞կ. ցույց տվեք մի որևէ պետություն, որտեղ կեղծված ընտրություններից հետո երկու տարի շարունակ, չնայած մարտի մեկի գնդակահարություններին, չնայած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին, չնայած ամենօրյա ահաբեկումներին, ժողովուրդը մինչև վերջ կանգնած մնաց, էլ ի՞նչ բարոյական հաղթանակի մասին է խոսքը: Սրանից ավելի իրական հաղթանակ որտե՞ղ եք դուք տեսել: Սա չափազանց լուրջ շարժում է, չափազանց հզոր հասարակություն է, սա արժեքներ հաստատող հասարակություն է, մեր ամեն հանրահավաք, մեր ամեն մասնակցություն ընտրություններին` անկախ դրանց ելքից, նոր արժեքներ է հաստատում, նոր մարդկանց է ներգրավում մեր շարքերը: Դուք եք այս երկրի հարստությունը, եթե մեր երկիրը, մեր պետությունը հպարտանալու որևէ բան ունի և աշխարհը Հայաստանում ինչ-որ արժեք է տեսնում, այդ արժեքը միայն ու միայն դուք եք, այս ժողովուրդն է, որը երկու տարի շարունակ պայքարում է իր իրավունքների համար: Թվում է, թե փոքր բան էր, բայց այս ընտրություններում անգամ նոր արժեքներ հաստատվեցին: Ես ուզում եմ չափազանց գնահատել Սուրեն Սուրենյանցի և Հմայակ Հովհաննիսյանի քայլը: Դուք պատկերացնո՞ւմ եք այդպիսի վարմունք իշխանությունների շարքերում, իրար կոկորդ կսեղմեն, իրար կոչչնչացնեն միայն իրար չզիջելու համար: Չի կարելի այս, ինչ ասեմ, օրինակելի քաղաքական վարքագիծը չգնահատել: Արդեն նաև ցուրտ է. ես չեմ ուզում երկար խոսել, ես խոստանում եմ, որ մենք շատ շուտով հանդիպելու ենք շատ ավելի հզոր համապետական մի հանրահավաքում, դա տեղի է ունենալու մարտի մեկին, որտեղ մենք ձեզ կներկայանանք ավելի հստակ համակողմանի քաղաքական ծրագրով, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս ամբողջ տարվա ընթացքում: Ուրեմն ես ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություն։ Եթե միայն դատենք այս հրապարակից, ես կարծում եմ՝ Նիկոլն արդեն հաղթած է: Այս հրապարակի ձայները բավական են, իսկ եթե ձեզնից յուրքանչյուրն էլ մեկական հոգի բերի ընտրատարածք, ապա Նիկոլի հաղթանակը լիովին ապահովված է: Ուրեմն ձեզ շնորհակալություն, ձեզ լավատեսություն, ինչպես ասաացի, համառություն։ Վհատությունը, նեղսրտությունը մենք նվիրում ենք մեր իշխանություններին: Շնորհակալություն;

No comments: