ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 18-րդ տարեդարձը, ինչի առթիվ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայակազմին, գեներալներին, ողջ հայ ժողովրդին: Սրտանց շնորհավորում ենք նաեւ Հայաստանի բանակի կայացման եւ հաղթանակների գործում անուրանալի նպաստ բերած մեր քաղբանտարկյալ ընկերներին:
Անկախ պետականության կարեւորագույն հենասյուներից մեկը ծնունդ առավ ամենադժվարին պայմաններում, երբ երկիրը ներքաշված էր փաստական պատերազմի մեջ: Նրա բաղադրիչները դարձան զորակոչի ենթակա երիտասարդները, գործող երկրապահ կամավորական ջոկատները, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարբեր ծայրերից Հայաստան վերադարձած մեծաթիվ հայազգի սպաները: Բանակն առաջին իսկ օրից դարձավ նորանկախ Հայաստանի իշխանության եւ ողջ ժողովրդի փայփայանքի առարկան, ինչը վճռական նշանակություն ունեցավ նրա առջեւ դրված բարդագույն խնդիրները պատվով կատարման համար:
Ցավոք, վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում ծավալված հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործընթացները, բռնապետական իշխանության հաստատումը, ներքաղաքական կյանքի այլասերումը մեծապես ազդեցին նաեւ բանակի վրա: Դրա բարձրակետը դարձավ 2008թ. մարտի 1-ին վարչախմբի կողմից բանակային զորամիավորումների օգտագործումը խաղաղ ցուցարարների դեմ՝ ըստ էության այն դարձնելով պետական հեղաշրջման գործիք: Սա ոչ միայն հակասահմանադրական ակտ էր ժողովրդի նկատմամբ, այլեւ ծանր հարված հայկական բանակի հեղինակությանն ու համարումին: Հայ Ազգային Կոնգրեսն ամեն ինչ անելու է խայտառակ այդ ակտի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, երախտավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, դրանով իսկ, բանակի հեղնակության ու բարի համբավի վերականգնման համար: Միայն նման դեպքում բանակը կմաքրվի իրեն պարտադրված արատներից ու կկարողանա կատարել երկիրն արտաքին վտանգից պաշտպանելու, ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորի իր սահմանադրական վեհ պարտավորությունը:
Thursday, January 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment