Saturday, January 9, 2010

Ամերիկաբնակ թուրք աշակերտին հանձնարարվել է Ցեղասպանության թեմայով գրավոր աշխատանք

Panorama.am. 8-1-2010- Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում բնակվող մի 10-րդ դասարանցի մի թուրք աշակերտի հանձնարարվել է տնային աշխատանք պատրաստել 1915թ. Հայոց ցեղասպանության թեմայով: Ըստ թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայության` Նյու Յորքի Մանհեթն թաղամասի հայտնի «LaGuardia» պետական դպրոցի «Համաշխարհային պատմություն» դասաժամի ընթացքում ինտերնետի միջոցով ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր, որից հետո աշակերտներին հանձնարարվել է տնային աշխատանք պատրաստել Հայոց ցեղասպանության թեմայով: Դա առաջացրել է այդ դասարանի միակ թուրք աշակերտի ծնողների դժգոհությունը: Վերջիններս բողոքի նամակ են գրել դպրոցի տնօրինությանը և դիմել Նյու Յորքի թուրքական գլխավոր հյուպատոսությանը: Թուրք աշակերտն էլ իր հերթին ծնողների հորդորով իր գրավոր աշխատանքում ներկայացրել է թուրքական ժխտողական տեսակետը և հանձնել ուսուցչին: Թուրքական հյուպատոսությունն էլ տարածլ են էլեկտրոնային մի հասցե և կոչ արել բոլոր ամերիկաբնակ թուրքերին նման իրավիճակների դեպքում այդ հասցեով դիմել իրենց: «CnnTurk»-ը տեղեկացնում է նաև, որ Նյու Յորքի բոլոր պետական դպրոցներում 1996 թվականից «Համաշխարհային պատմություն» դասագրքում նշված է, որ առաջին աշխարհամարտի տարիներին կազմակերպվել է Հայոց ցեղասպանություն և ընդգծվում է, որ դա եղել է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը բավական լկտիաբար մերժելու համար ֆրանսիաբնակ 13-ամյա թուրք աշակերտ Մուստաֆա Դողանը երկու ամիս առաջ ժամանակավորապես հեռացվել էր դպրոցից: Ինքնատիրապետումից զուրկ թուրք աշակերտը նյարդայնացած բղավել էր. «Հայերին ցեղասպանության չեն ենթարկել, եթե արել են, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»: Ուսուցիչն այդ արտահայտությունը որակել էր իբրև հակամարդկային և որպես պատիժ անպատկառ թուրք աշակերտից պահանջել էր կատարել տնային հանձնարարություն «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. Մարդկության դեմ ուղղված հանցագործություն» վերնագրով: Ի վերջո` տխրահռչակ թուրք աշակերտը նշված հանձնարարությունը կատարելու փոխարեն գրավոր ներողություն է խնդրել «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել» արտահայտության համար և հայտնել, որ խորապես զղջում է: Դպրոցի տնօրինությունն էլ բավարարվել է այդքանով և օրակարգից հանել Մուստաֆային դպրոցից հեռացնելու հարցը:

No comments: