Friday, January 8, 2010

Գագիկ Ջհանգիրյան. Միակ ելքը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդավարական իշխանություն ունենալն է

News.am. 7-1-2010- 2009 թ. ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մնալ միասնական եւ կուռ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը՝ նկատելով, որ կոնգրեսը ձախողումներ չի ունեցել: «Ես կարծում եմ, որ պետությունը ձախողված է թե՛ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ թե՛, առավել եւս, տնտեսության ոլորտում: Չնայած տնտեսության մեջ ներդրված միլիոնավոր դոլարներին, տնտեսական անկումը շարունակվում է, եւ ես, իմանալով պետական համակարգի ներքին խոհանոցը, եթե նրանք ասում են, որ անկումը 16 տոկոս է, ուրեմն իրականում այն 25 տոկոս է: Սրանից խայտառակ ձախողում չի լինում»,- մանրամասնեց Ջհանգիրյանը: Հարցին, թե որն է ստեղծված իրավիճակից ելքը, նախկին զինդատախազը նշեց. «Ելքը Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդը բազմիցս նշել են: Միակ ելքը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդավարական իշխանություն ունենալն է: Հակառակ դեպքում ոչ արդարադատության, ոչ տնտեսության, ոչ արտաքին հարաբերությունների ոլորտում դրական տեղաշարժ չի կարող լինել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

No comments: