Friday, January 8, 2010

Կոստանդնուպոլսյան պատրիարքի համակառավարչի պաշտոնին երկու եպիսկոպոս են հավակնում

/PanARMENIAN.Net/ 07.01.2010 - ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը եւ եպիսկոպոս Գարեգին Բեկչիյանն առաջադրել են իրենց թեկնածությունները ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի համակառավարչի պաշտոնում: Նոր պատրիարքն այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ միասին, որն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները հիվանդության պատճառով: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, 6 հավանական թեկնածուներից երկու եպիսկոպոսներն էլ դրական պատասխան տվեցին Կոստանդնուպոլսյան պատրիարքի նամակին, որը նրանց հասցեագրված էր պարզելու համար, թե արդյոք նրանք ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի պաշտոնում, թե ոչ: Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրվելու համար պարտադիր պայման է թուրքական քաղաքացիությունը: Դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայկական համայնքը դիմեց քաղաքապետ Մուամմեր Գյուլերին նոր պատրիարք ընտրելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Թուրքիայի սահմանադրության համաձայն կրոնական փոքրամասնությունները չեն կարող ուղղակիորեն ընտրել հոգեւոր առաջնորդին, այլ պետք է միայն իրենց թեկնածությունն առաջարկեն կառավարությանը հաստատման համար: Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը Երուսաղեմի պատրիարքարանի հետ մեկտեղ ՀԱԵ ինքնավար պատրիարքարաններից մեկն է: Կանոնի համաձայն երկու պատրիարքարաններն էլ ենթարկվում են Էջմիածնի Կաթողիկոսարանին: Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքները արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան ունեն: Երուսաղեմի պատրիարքարանին են ենթարկվում Իսրայելի ու Հորդանանի հայկական եկեղեցիները, Կոստանդնուպոլսի պատրիարքարանին` Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները: Մեսրոպ Մութաֆյանը Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից:

No comments: