/PanARMENIAN.Net/ 08.01.2010 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոստովանել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը փակ բանակցություններ են վարում Հայաստանի վերաբերյալ այն պահից ի վեր, երբ Անկարան ու Երեւանը ստորագրեցին Հայ-թուրքական արձանագրությունները: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Թուրքիայի նախագահն ասել է, որ դա եղել է «փակ, շատ ակտիվ դիվանագիտություն», որը կենտրոնացած էր ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վրա: «Բանակցությունների մանրամասների հրապարակումը չի նպաստի սառեցված հակամարտությունների կարգավորմանը, հակառակը` ավելի կբարդացնի դրանք»,-պարզաբանել է Գյուլը` բացատրելով, թե ինչու են բանակցությունները գաղտնի:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment