«Լրագիր» 8-1-2010- Պատմական դեպքերի հետևանքով այնպես է ստացվել, որ բռնի կրոնափոխության պատճառով հայության որոշ խմբեր ևս ստիպված են եղել իսլամ ընդունել: Հեռանալով քրիստոնեությունից` հայության այդ խմբերը ժամանակի ընթացքում հաճախ հեռացել են նաև քրիստոնեություն դավանող իրենց ցեղակիցներից, կորցրել լեզուն։ Սրա գլխավոր պատճառներից է նաև այն, որ ինչպես անցյալում, այնպես էլ շատ հաճախ մեր օրերում կրոնական պատկանելությունը գերադասվել է էթնիկ պատկանելությունից և մարդկանց տարբերակել են համաձայն այդ սկզբունքի։ Ըստ այդմ , հայ և քրիստոնյա տերմինները նույնացվել են , և բացառվել է այլակրոն հայ հասկացությունը։ Արևելագետ Ալեքսան Խաչատրյանը այս առիթով նշում է. «Քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն դավանանք էր, այլև աշխարհայացք, ազգային գոյության հիմք։ Այդ պատճառով էլ հավատափոխությունը միջնադարյան Հայաստանում գրեթե համազոր էր ազգային դիմախեղման։ Այլ կրոնին հարել նշանակել է ազգությունը փոխել։ Քրիստոնյա, ընդ որում լուսավորչական, լինելը դիտվել է որպես հայության չափանիշ։ Դավանափոխությունը, հետևաբար, որակվել է որպես ազգուրացություն և դավաճանություն» ։
Ավանդաբար կրոնափոխ հայության խնդիրը համարվել է հայագիտության ամենակարևոր և քիչ ուսումնասիրված հարցերից մեկը: Ներկայում ևս այդ խնդիրը առկա է մեր գիտության օրակարգում։ Եթե թերթենք մեր գիտական մամուլը, ապա կտեսնենք, որ տարբեր ժամանակներում շատ հայտնի գիտնականներ են հանդես եկել հիշյալ խնդրի համակողմանի ուսումնասիրության կոչով: Եթե ավելի վաղ դարերի ընթացքում իրենց արմատներից բռնի հեռացված հայության մասին կան լուրջ և մակերեսային աշխատանքներ, ապա հատկապես 20-րդ դարի սկզբին` Հայոց ցեղասպանության տարիներին, բռնի իսլամացված հայության խնդիրները վերջին տարիներին են հայտնվել մեր գիտական, հասարակական շրջանակների օրակարգում։ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայության խնդիրը բազմաշերտ է և պահանջում է համապատասխան վերաբերմունք։ Կրոնափոխ հայերի ուսումնասիրությունը և նրանց ուղղությամբ տարվող աշխատանքները կարևոր են, սակայն այս հարցում անհրաժեշտ և պարտադիր է որդեգրել մասնագիտական մոտեցում, հակառակ պարագայում կարող են ի հայտ գալ անցանկալի արդյունքներ։
Տարբեր դարերում բռնի իսլամացված հայության ոչ բոլոր խմբերն են մինչև մեր օրերը պահպանել էթնիկ պատկանելության գիտակցությունը կամ հիշողությունը, սակայն որոշ խմբերի մոտ դրանց հետքերը, այնուամենայնիվ, դեռևս նկատվում են։ Խոսքն ավելի շուտ վերաբերում է 19-րդ դարի վերջերի հայկական կոտորածների և 1915թ. ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված հայության և նրանց սերունդներին։ Այս նույն հարցի համատեքստում իր յուրահատուկ և ուրույն տեղն է զբաղեցնում նաև 16-րդ դարից սկսած բռնի իսլամացման ենթարկված` Սև ծովի հարավարևելյան ափերին բնակվող հայությունը, որն ավելի շատ հայտնի է համշենահայություն անվամբ:
Դեպքերի բերումով բռնի իսլամացված հայության գերակշիռ մեծամասնությունը բնակվում է ներկայիս Թուրքիայում, սակայն նրանց առանձին խմբեր կան եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Միջին Ասիայում։
Այժմ Թուրքիայում բնակվող 20-րդ դարի սկզբում իսլամացված հայությունն առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից.
ա. Հայոց ցեղասպանության ժամանակ երբեմն միայն արտաքուստ մուսուլմանություն ընդունած հայեր,
բ. ցեղասպանության ժամանակ առևանգված և այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ,
գ. ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ,
դ. որոշ թվով հայեր, որոնք ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ,
ե. սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով։
Եթե որպես ելակետ վերցնենք իսլամացված հայության և նրանց սերունդների շրջանում տեղի ունեցող որոշ երևույթներ, ապա կարելի է նրանց պայմանականորեն բաժանել երկու խմբի.
1. Կան հայեր, որոնք արտաքուստ ներկայանում են որպես մուսուլման, բայց իրականում փորձում են գաղտնի շարունակել քրիստոնեական հավատքը, պահպանել ազգային նկարագրի տարրերը։ Նրանց մի մասը տարիներով գաղտնի շարունակել է քրիստոնեական սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր և բարենպաստ առիթ գտնելով (օրինակ` գավառներից Ստամբուլ տեղափոխվելով կամ արտագաղթելով Եվրոպա)` վերընդունել է քրիստոնեություն։ Այս խմբին մասնագիտական գրականության մեջ կոչում են կրիպտո կամ ծպտյալ հայեր: Նրանց հատուկ են նաև ներէթնիկ ինքնագիտակցության որոշ երևույթներ ինչպիսիք են, օրինակ, ներքին ամուսնությունները, և սա ուղղված է նաև էթնիկ նկարագիրը պահպանելուն:
2. Կան հայեր և հայերի սերունդներ, որոնք մասնակի յուրացրել են իսլամը, սակայն նրանց շրջանում պահպանվել են էթնիկ պատկանելության հիշողության, ազգային սովորույթների, երբեմն նաև մայրենի լեզվի առանձին տարրեր։ Սակայն նրանք, ի տարբերություն ծպտյալ հայերի խմբի, չեն պահպանել կամ չեն կարողացել պահպանել էթնիկ, ազգային նկարագրի ամբողջական տարրեր: Այս նույն խմբին կարելի է դասել նաև այն մարդկանց, որոնք ունեն հայկական արմատներ. տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։ Սրանք էլ հենց կազմում են խառնածինների այն մեծ բանակը, որի գոյության փաստը քննարկման ավելի լայն ոլորտներ է ընդգրկում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Իսլամացված հայերի և նրանց խառնածին հետնորդների մոտ երևույթները տարբեր են. մի մասը հպարտանում է իր հայկական արմատներով և առանձնահատուկ վերաբերմունք սկսում ցուցաբերել դրան, մի մասը փորձում է անտեսել այդ հանգամանքը, որպեսզի հասարակության մեջ չարժանանա «գյավուր», թշնամի հայի որակման, իսկ մի մասն ունի նաև (հոգեբանական պատճառներով պայմանավորված) թշնամական վերաբերմունք հայության քրիստոնյա հատվածի հանդեպ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի կրոնափոխ հայերը, մեր կարծիքով, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ են, որոնց մոտ երևույթները և զարգացումները խիստ տարբեր են:
Ակնհայտ է, սակայն, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում կա ազգային ակունքները պահպանելու, վերագտնելու ձգտում կամ գոնե դրանց հանդեպ հետաքրքրություն։ Ընդ որում` այս ամենն արտահայտվում է տարբեր ձևերով` հավատարմության փորձեր ինչպես զուտ էթնիկ առանձնահատկություններին, այնպես էլ իրենց նախկին կրոնի` քրիստոնեության սկզբունքներին։ Սակայն Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած, ուծացման և ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի մեջ էթնիկ ու կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատման համար պարտադիր և կարևորագույն պայման է հստակ պատկերացնել և հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են նրանք։ Թուրքիայում, ուր հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտանգավոր է, դասական հայկականություն պահպանելը դժվար, եթե չասենք անհնարին է, առավել ևս ոչ միայն Ստամբուլում, այլև անհամեմատ ավելի հետամնաց, հետադեմ արևելյան շրջաններում։ Այսինքն` այլակրոն հայերին ինչ-որ տեղ «մեղադրել» և հայ լինելու հայաստանյան չափանիշներով դատելուց առաջ պետք է հաշվի առնենք այս ամենը։ Միայն ազգային կամ քրիստոնեական որոշ սովորույթների տարրերի (լրիվ կամ աղճատված) գաղտնի պահպանումը և կիրառումն ավելի բարենպաստ պայմաններում կարող են դառնալ նրանց հնարավոր դարձի կարևոր առհավատչյան։
Ծպտյալ և իսլամացված հայության խնդիրը բնականաբար հետաքրքրում և որոշակի անհանգստություն է պատճառում նաև թուրքական գիտական և «մերձգիտական» շրջանակներին, և սրա մասին են վկայում թեմայի վերաբերյալ օրեցօր ավելացող հոդվածները, գրքերը, ուսումնասիրությունները։ Սակայն կարևոր է նշել, որ այս ամենը կարելի է դիտարկել «ինքնության ճգնաժամ» հասկացության շրջանակներում, որը մեր օրերում բավական հրատապ և օրակարգային խնդիր է Թուրքիայում։ Վերջին ժամանակներս ավելի շատ քննարկվող և տարածում գտնող ինքնության թեման խորքային առումով դարձել է թուրք հասարակության ուշադրությանն արժանացած հարցերից։ Կարծում ենք` բավական հետաքրքիր և ուշագրավ է հանգուցյալ Հրանտ Դինքի` Թուրքիայում ինքնության ճգնաժամի վերաբերյալ արտահայտած հետևյալ միտքը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»։ Այս նույն հարցին մի փոքր այլ դիտանկյունից է մոտեցել ազգագրագետ Հարություն Մարությանը, որի կարծիքով Թուրքիան մերժում է անցյալի, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն նյութական, տարածքային, բարոյական կորուստների հնարավորությունից խուսափելու համար, այլև «տասնամյակներ շարունակ ժխտողականության հիմքի վրա ձևավորված ազգային ինքնության հնարավոր խաթարման վախով, որը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքացիական, այլև էթնիկ երանգ ունեցող մեծ հուզումների, որ վտանգավոր է դիտվում պետության միասնականության համար` առկա բազմէթնիկության պարագայում» ։
Ծպտյալ հայերի կրոնադարձությունը
Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման ամենախոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ և հարկադրանքով իրենց արմատից կտրված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերադառնալ իրենց արմատներին։ Դրա վառ օրինակը տարբեր տարիների իսլամացված հայերի շրջանում պաշտոնապես արձանագրված կրոնադարձությունն է ։ Ընդ որում` կրոնադարձվել են տարբեր սերունդների պատկանող հայեր. սա խոսում է նրանց մեջ իրենց արմատների վերաբերյալ առկա կոլեկտիվ և պատմական հիշողության պահպանման մասին:
Վերջին տարիներին Թուրքիայում աճել է գիտական, քաղաքական, հասարակական շրջանակների հետաքրքրությունը իսլամացված և ծպտյալ հայերի խնդրի նկատմամբ, որն ուղեկցվում է տարատեսակ շահարկումներով: Այստեղ կցանկանայինք առանձնացնել այն հանգամանալից հետազոտությունը, որն անցկացվել է Թուրքիայում իսլամից հրաժարված և այլ կրոն` հիմնականում քրիստոնեություն ընդունած քաղաքացիների շրջանում: Այս խնդիրը քննության է առնվել նաև միսիոներական շարժման նոր թափ ստանալու համատեքստում և ներկայացված է, թե Թուրքիայում եկեղեցու վերածված ինչքան տներ են գործում, քանի Ավետարան է բաժանվել մարդկանց և այլն: Սրանով փորձ է արվել պատասխանել նաև բավականին աշխուժորեն քննարկվող «քրիստոնեություն ընդունող թուրքեր» խնդրին և ի վերջո եկել են այն եզրակացության, որ կրոնափոխվածների գերակշիռ մասը ոչ թե թուրքեր են, այլ Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ (հայեր, հույներ, ասորիներ): Նշված հետազոտության ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել են բնակչության գրանցամատյանները ավելի քան 100 տարվա ընդգրկմամբ, որպեսզի տրվի այս հարցերի հստակ պատասխանը: Հայտնի են դարձել նաև հայերիս համար հետաքրքիր որոշ տվյալներ. այսպես, պարզվել է, որ 1916-2004թթ. ընթացքում Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, և մանրամասն ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանց մեծ մասը կամ ավելի որոշակի 1340-ը ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն: Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վերոնշյալ 1340 հայերը ոչ թե կրոնափոխ են այլ կրոնադարձ, քանի որ բնակչության գրանցամատյանների ուսումնասիրության ընթացքում (ընդ որում նաև Օսմանյան ժամանակաշրջանի) վեր է հանվել այդ կրոնադարձների մինչև 3-րդ, 4-րդ պորտի նախնիների էթնիկ և կրոնական պատկանելությունը ու պարզվել է, որ հիշյալ մարդիկ ծագումով հայեր են, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ առերես ընդունել են իսլամ, որպեսզի ազատվեն աքսորից ու կոտորածից, իսկ իրականում շարունակել են գաղտնի պահել քրիստոնեական ավանդույթները, այլ խոսքերով ասած` դրանք ծպտյալ հայերն են: Հետազոտություններում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է անգամ կրոնադարձության աշխարհագրությունը: Այսպես, կրոնադարձությունը ավելի շատ կատարվել է Ստամբուլում, ապա դրան հետևում են Դիարբեքիրը, Ադըյամանը, Բաթմանը, Սիվասը (Սեբաստիա), Թունջելին (Դերսիմ) և Մալաթիան: Ավելին, Ստամբուլում կրոնադարձությունը ուսումնասիրել են նաև ըստ թաղամասերի և պարզվել է, որ կրոնադարձները ավելի շատ գրանցված են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում (մոտ 150 մարդ), որին հետևում են Շիշլի և Էմինօնյու թաղամասերը: Ավելորդ չի լինի ներկայացնել նաև ծպտյալ հայերի կրոնադարձության մի քանի կոնկրետ փաստեր, որոնք տեղ են գտել թուրքական աղբյուրներում: Դրանցից պարզ է դառնում, որ երբեմն կրոնադարձվում են ամբողջ ընտանիքով, ազգականներով: Ի դեպ, գրեթե բոլոր կրոնադարձված հայերին ներկայացնելիս տրվում է նաև նրանց տոհմածառը և հետաքրքիր օրինաչափությամբ ծնողների, երբեմն էլ պապերի ու տատերի ոչ հայկական անուններին հետևում են արդեն ավելի ավագ սերնդի նախնիների հայկական անունները, և եթե սա ժամանակագրորեն դասակարգենք, ապա ցեղասպանությունից առաջ ծնվածների գերակշիռ մասը կրում է հայկական, իսկ արդեն 1915-ից հետո գերազանցապես ոչ հայկական անուններ, այսինքն՝ սրանով կարելի է պատկերացում կազմել նաև առերես իսլամացած հայերի ծպտյալ կյանքի սկզբնավորման ժամանակաշրջանի մասին.
1. 1971 թվականին Թունջելի նահանգի Դոլուքյուփ գյուղում գրանցված, 1947 թ. ծնված էթնիկ հայ Սեֆեր Աքյուզը, որ շրջապատում հայտնի է եղել որպես մուսուլման, դիմելով քաղաքացիական հարցերով Ստամբուլի 1-ին ատյանի դատարան՝ հրաժարվել է իսլամից և ընդունել քրիստոնեություն: Այնուհետև մի քանի տարվա ընթացքում նույն ընտանիքից ևս 34 հոգի ընդունել է քրիստոնեություն:
2. 1995 թվականին Յոզղաթ նահանգի Բողազլըյան գավառում գրանցված Հաջի Սարըքայան ընդունել է քրիստոնեություն, իսկ նրանից մի քանի տարի առաջ և մի քանի տարի հետո նույն քայլին են դիմել նաև նրա 14 ազգականները: Վերջինը, որ քրիստոնեություն է ընդունել, Օզնուր Սարըքայան է (2003 թ.):
3. Սասունում գրանցված Զենգիլների ընտանիքից 1975-ից մինչև 2003 թվականը 9 մարդ ընդունել է քրիստոնեություն:
4. Պատահում է նաև, որ կրոնի հետ փոխում են նաև անունները և ընդունում հայկական անձնանուններ: Օրինակ, Էլյազիգի նահանգի Քեբան գավառում գրանցված Թյուրքան Աքջան, 1995 թվականին ընդունելով քրիստոնեություն, փոխում է նաև անունը` դառնալով Մարիամ Սարգսյան:
5. 1993 թվականին Թունջելիում գրանցված 84-ամյա Մուսթաֆա Աթեշը, որը մասնակցել է նաև 1937 թ. Դերսիմի ապստամբությանը 'դարբին Մուսթաֆա' անունով, վերադարձել է քրիստոնեության:
6. Կրոնադարձվածների ցուցակում մեզ հանդիպած տարիքով ամենափոքրիկը 2004 թվականի փետրվարի 19-ին ծնված Մելիսա Չաքըրն է, որի ծնողների (Սյուզան և Սարգիս) 2004 թվականի մայիսի 27-ի դիմումի համաձայն փաստաթղթերում փոխվել է նրա կրոնական պատկանելությունը:
Սակայն պատահում է նաև, որ միևնույն ընտանիքից կրոնադարձվում են ոչ բոլորը, և ստացվում է տարօրինակ պատկեր, երբ, օրինակ, հինգ եղբայրներից երեքը, բացահայտելով իրենց հայկական ծագումը, ընդունել են քրիստոնեություն, իսկ մյուս երկու եղբայրները շարունակում են գրանցված մնալ իբրև մուսուլմաններ:
Ծպտյալ հայերի կրոնադարձության դեպքերին անդրադառնալիս պետք է ուշադրություն դարձնել հատկապես հետևյալ երկու կարևոր հանգամանքներին.
1. Ըստ իսլամի, այն մարդիկ, որոնք ընդունելով մուսուլմանություն, այնուհետև հրաժարվում են այդ հավատից, ենթակա են մահապատժի: Սակայն քանի որ Թուրքիան կրոնապետություն չէ, ուստի այդ պատիժը չունի իրավական օրենքի ուժ, սակայն դա չի բացառում այն, որ իսլամից հրաժարվածները կրոնական ծայրահեղականների կողմից կարող են ընկալվել որպես թիրախներ: Բացի այդ, չափազանց դժվար է և հոգեկան մեծ ապրումներ է պատճառում ծպտյալներին ապրել` արտաքին աշխարհից շարունակ թաքցնելով իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունը, բայց միաժամանակ հեշտ չէ նաև թուրքական իրականության պայմաններում ապրել որպես հայ քրիստոնյա: Այսինքն` այս կրոնադարձությունը նույնիսկ Եվրոմիության անդամակցությանը ձգտող Թուրքիայում պետք համարել որոշակի խիզախություն:
2. Շատ հաճախ էթնիկ պատկանելությունը ստորադասվում է կրոնական պատկանելությանը, և «հայ» ու «քրիստոնյա» հասկացությունները նույնացվում են: Հենց այս պատճառով էլ ծպտյալ հայերի կրոնադարձությունը ինչ- որ առումով կարելի է համարել նաև վերադարձ դեպի ազգային ակունքներ` ազգադարձություն:
Ամփոփելով` նշենք, որ կրոնափոխ հայության խնդրի գիտական, շահարկումներից հեռու ուսումնասիրությունը չափազանց կարևոր է և այս հարցում չարդարացված լավատեսական կամ նիհիլիստական մոտեցումները հավասարապես քննադատելի են:
ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Saturday, January 9, 2010
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐ ԽՆԴՐԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment