News.am. 8-1-2010- Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ փորձում են մոլորության մեջ գցել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ադրբեջանական բնակչությանը: Ի լրումն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից անցած տարեվերջին ժողովուրդների ինքնորոշման բանաձեւի վերաբերյալ աղմկոտ պատմության, News.az ադրբեջանական կայքն այսօր հերթական սադրիչ հոդվածն է հրապարակել, որում իբր խոսվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւի ուղերձի մասին՝ հղված կազմակերպության Գլխավոր ասամբլեային՝ ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ:
Հերթական այս քարոզչական hայտարարությունն ըստ էության ՄԱԿ-ին հասցեագրված կոչ չէ, այլ ընդամենը բողոք, որում նշվում է, որ Նյու Յորքում Հայաստանի դեսպանը եւ ներկայացուցիչները ՄԱԿ-ի տարբեր մարմիններում ու մասնավորապես Անվտանգության խորհրդում շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին:
Ժամանակի կորուստ է անդրադառնալ այս բողոք-նամակի տեղեկատվական բաժնին, որում իբր խոսվում է պատմական փաստերի մասին, քանի որ սա ուղղակի ինքնախաբեության փորձ է: Ակնհայտ է, որ դրա նպատակն է աղավաղել ու փոխել ԼՂ հիմնախնդրի նախապատմությունը եւ դեպքերի զարգացումը:
Սակայն նամակի բովանդակությունը թողնենք դիվանագետներին ու պատմաբաններին, եւ անցնենք գլխավորին: Իսկ հիմնականը կայանում է նրանում, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղափոխել ղարաբաղյան հարցը ՄԱԿ, որտեղ մի քանի երկրների օգնությամբ այդուհանդերձ հնարավոր է բանաձեւեր եւ որոշումներ ընդունել տալ, ու հետո էլ, ինչպես 2006-ին եւ 2008-ին, սեփական ժողովրդի առջեւ գլուխ գովել Բաքվի դիվանագիտական դպրոցի մեծ ձեռքբերումներով:
Ազդարարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ձախողման մասին՝ Բաքուն, սպառելով իր հնարավորություններն այդ ճակատում, փորձում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ում, այնուհետ այդ ցանկում կարող են հայտնվել ՆԱՏՕ-ն, ԵԽ-ն, եւ այդպես շարունակ:
Ժամանակն է, որ ադրբեջանական իշխանավորները հասկանան, որ ՄԱԿ-ի, կամ ղարաբաղյան համարտության հարցում իրավասություն չունեցող որեւէ այլ կազմակերպության բանաձեւերով չի լուծվելու ԼՂ հիմնախնդիրը: Այն կարգավորելու համար կողմերն, ու առաջին հերթին Ադրբեջանը, պետք է դրսեւորեն քաղաքական կամք՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու եւ, իհարկե, ամենակարեւորը՝ այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելու համար:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment