Panorama.am. 27-1-2010- ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող դրական դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Panorama.am-ի զրույցում` արձագանքելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցին, նման գնահատական հնչեցրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
Նշենք, որ «ԱՊԱ» գործակալությունը հրապարակել է Մևլութ Չավուշօղլուի հետ հարցազրույցի տեքստ, որտեղ թուրք խորհրդարանականին վերագրվում են կողմնակալ գնահատականներ` կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հետ:
«ԱՊԱ»-ի կայքում զետեղված տեքստի համաձայն, ԵԽԽՎ նախագահը, մասնավորապես, փորձել է հայ-թուքրական կարգավորման գործընթացի վերաբերյալ նախապայմաններ առաջադրել և միակողմանի մեկնաբանություններ է արել ղարաբաղյան պատերազմի հետևանքների մասին:
Արձագանքելով այս փաստին` Զոհրաբ Մնացականյանը Panorama.am-ին փոխանցեց.
«Իմ կարծիքը բացահայտ է և տրամաբանական: Ես վստահ չեմ, որ սա համապատասխանում է իրականությանը: Վստահ չեմ, որ «ԱՊԱ»-ն գրել է` ինչպես որ կա: Բայց , եթե իսկապես դա համապատասխանում է իրականությանը, ապա կարծում եմ, և բոլորս էլ հասկանում ենք դա, որ նման կողմնակալ դիրքորոշումը հանում է բոլոր հիմքերը ԵԽԽՎ նախագահի համար` դրական դեր խաղալու ղարաբաղյան կարգավորման գործում»:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ խնդիրը միջխորհրդարանական գործունեության տիրույթում է և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն այս պահին արդեն քայլեր են ձեռնարկում` իրավիճակի հետ կախպված հստակեցումներ մտցնելու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:
Պատասխանելով մեր հարցին, որ եթե հրապարակված տեքստը համապատասխանի իրականությանը, Հայաստանն ինչպես կարձագանքի այդ իրողությանը և ինչ քայլեր կձեռնարկի` ԵԽ-ին ու միջազգային հանրությանը տեղյակ պահելու, որ պարոն Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահի բարձր պաշտոնը ծառայեցնում է իր հայրենի երկրի ու նրա դաշնակցի նեղ շահերը սպասարկելու և միակողմանի քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելու համար, նա ասաց` «Երբ մենք կճշտենք, կհաստակեցնենք բոլոր մանրամասները, դրանից հետո, բնականաբար, քայլեր կձեռնարկենք»,-ապա վստահեցրեց, որ կլինի նաև հանդիպում ու զրույց Մևլութ Չավուշօղլուի հետ.
Thursday, January 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment