Հայաստանի լուրերի, թերթերի, նաև էլեկտրոնային կայքերի էջերը լցված են վերնագրերով, սակայն ուշադիր նայելու դեպքում միանշանակ պարզ է դառնում, որ մենք խոսում ենք կայանալիք, սպասվելիք, իրականանալիք (կամ չիրականանալիք) խնդիրների մասին: Իսկ իրականում մեր երկրում վրա է հասել “զերո ժամը”: Չի կատարվում Հայաստանում ոչ մի բան, որովհետև մեզ հետաձգել են:
Հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական Դատարանի հաստատումից հետո կարելի է վերահաստատել ասենք Հայաստանի բնապահպանության նախարարությունում, հետո փոխանցել այդ հաստատումը արհմիություններին, իսկ հետո քննարկել հիմնարկների աշխատանքային ժողովների ժամանակ: Դրանով մենք բուռն գործունեության պատրանք կունենանք, մեզ միջազգային տեղաշարժերի մասնակից կզգանք և մի կերպ մոռացության կտանք այն միտքը, որ մեր դարավոր թշնամի Թուրքիան նույնիսկ մեզ թշնամի չի ուզում լինել` անտեսում է: Ինչպես ասում էր անհաջողակ թագավորը “Ֆան ֆան տյուլպան” կինոնկարում` наш враг нам изменяет, մեզ դավաճանում են, բայց այդ մասին չեն էլ հայտնում: Կհայտնեն երևի, երբ արձանագրությունները կքննարկվեն ասենք մանկապարտեզներում:
Ոչ ոք չի հասկանում թե ինչու Հայաստանում հետաձգված է ընդդիմությունը: Մի պարզ պատճառով: Հայաստանում հետաձգված է ընդդիմության տրամաբանական բևեռը` իշխանությունը: Վերջիվերջո, եթե դու ուզում ես տարբերվել քո քաղաքական ծրագրերով` դու պետք է տարբերվես ինչ-որ մեկից, իսկ այդ ինչ-որ մեկը քաղաքական ծրագիր չունի: Դե գնա ու տարբերվիր: Ընդդիմությունը լավագույնս կարող է ներկայացնել իր նախընտրած օլիգարխներին, իր նախընտրած ներկայացուցիչներին, իր նախընտրած անհատներին, որովհետև բոլորը գիտեն, որ Հայաստանի կառավարման գործընթացը խաթարված է, սակայն բոլորը խոսում են անձերի և ոչ թե մեխանիզմների մասին: Իսկ անձի վրա հույս դնողն ի վերջո հուսահատվում է, որովհետև մեր Հայաստանում որտեղից գտնենք այդքան անձեր, որ մեզ նման չլինեն: Եթե մեր օլիգարխներին հարցնենք` նրանք կբացատրեն, որ անձերը Հայաստանում ամենաէժան ու ամենաանորակ արժեքային միավորն են, դրա համար անձերի հարցը Հայաստանում հետաձգվում է:
Հայաստանում հետաձգման ամենավառ փուլում են տնտեսական աճի, արդարության հաշվեկշռի, մշակութային և գաղափարական արժեքների խնդիրները: Ի դեպ, եթե հանկարծ Հայաստանում գրանցվի այդ երևույթներից թեկուզ մեկն ու մեկը, մեր երկիրը երևի լուրջ ցնցումներ կապրի: Այդպես օրերով սոված մարդուն ուտելիք չի կարելի տալ: Անգրագետ մարդուն չի կարելի սովորեցնել բարձրագույն մաթեմատիկա: Իմ ծանոթներից մեկը `Արմենիա հեռուստաընկերության ֆանատը, բողոքում է, որ Yere 1 հաղորդումը ցույց են տալու միայն փոտրվարին, նույնիսկ դա է հետաձգվել:
Բուռն իրադարձությունները եռում են միայն ղարաբաղյան խնդրի և Ուկրաինայի ընտրությունների շուրջ: Այստեղ է, որ անընդմեջ հնչում են հայտարարություններ, կատարվում են իրադարձություններ և ընդհանրապես կյանքը մեռած կետից առաջ է շարժվում:
Բայց դա Ղարաբաղում և Ուկրաինայում, իսկ Հայաստանը հետաձգվում է:
Ուղղակի պետք է հիշել` հետաձգված վերջը սկիզբ չէ:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Լրագիր» 29-1-2010
Saturday, January 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment