Saturday, January 30, 2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ԵՆ ՔԱՂՈՒՄ

Report.am. 29-1-2010- «Դիարբեքիրի վերջին հայը», «Արաբկիրի վերջին հայը». սրանք թուրքական մամուլում հաճախ հանդիպող հրապարակումների վերտառություններն են, հրապարակումներ, որոնք Թուրքիայում հայկական համայնքի վերացման մասին պատմություններ են: Թուրքիայի հանրապետության առաջին օրերին հայ համայնքը կազմել է շուրջ 250-300 հազար, այսօր միայն` 55-60 հազար: Հայերը հիմնականում բնակվում են Ստամբուլում: «Հայերն ապրում են նաև Մալաթիայում, Սեբաստիայում և Խարբերդում, սակայն այդտեղ ապրողներին համայնք համարել չի կարելի, քանի որ կազմում են մեկ-երկու մարդ»,- «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիայում ապրող փոքրամասնությունների թիվը շեշտակի անկում է ապրել, և դա բխում է այդ երկրի վարած քաղաքականությունից: Այսօր Ստամբուլի հայ համայնքն ունի 17 դպրոց` նախկին 32-ի փոխարեն: Մեկ ամիս առաջ փակվել է հայկական ևս մեկ դպրոց` աշակերտների թվի անբավարար լինելու պատճառով: Հայկական դպրոցներում ընդամենը 3000 աշակերտ է սովորում: Համայնքի թվի կրճատման հաջորդ պատճառն, ըստ Ռուբեն Մելքոնյանի, լեզվի խնդիրն է: «Ստամբուլահայ համայնքի 90 տոկոսը թուրքախոս է, կենցաղում նույնիսկ օգտագործում են թուրքերենը: Լուրջ խնդիր են նաև խառնամուսնությունները, որոնց թիվը կազմում է 40 տոկոս: Այսպես ընթանալու դեպքում պոլսահայ համայնքը մի քանի տարի հետո կարող է կանգնել լուրջ խնդրի` վերացման առաջ»,- ահազանգում է թուրքագետը: Թուրքիայում հայ համայնքի պառակտվածության պատճառներից է նաև պատրիարքարանի պասիվ գործունեությունը: Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար ժամանակ է, ինչ տառապում է անբուժելի հիվանդությամբ, և արդեն հրատապ է դարձել աթոռակից պատրիարք ընտրելու հարցը: Ըստ կանոնադրության` պատրիարք ընտրված անձը պաշտոնը ստանձնում է ցմահ: «Ստամբուլի հայ համայնքն առավելապես կրոնական համայնք է, իսկ ներկայում պատրիարքի բացակայությունը համայնքում մի փոքր գլխատված վիճակ է ստեղծել, և թուրքական իշխանություններն այստեղ նույնպես ունեն շահագրգռվածություն, քանի որ պատրիարքությունը և’ իրավական, և’ բարոյական առումով ղեկավարում է համայնքը: Պատրիարքարանը բարոյական պատասխանատվություն է կրում նաև Հայաստանից Թուրքիա մեկնած շուրջ 20 հազար քաղաքացիների համար: Այնպես որ ընտրությունները ոչ միայն կրոնական, այլև ազգային նշանակություն ունեն մեզ համար: Իսկ նման պասիվ կեցվածքը միայն ձեռնտու է Թուրքիայի իշխանություններին»: Թուրքագետը հայ համայնքի ներկայացուցիչներին պայմանական երեք խմբի է բաժանում. առաջին խմբում անտարբերներն են, որ գրեթե չեն հետաքրքրվում ազգային խնդիրներով, այդ թվում` Ցեղասպանության: Երկրորդ խումբը համակերպվող խումբն է, որը կազմում է մեծամասնություն, և որոնց համար վտանգավոր են նույնացումները հայաստանցի հայերի կամ սփյուռքահայերի հետ, ինչն արտացոլվել է պատրիարքների թեկնածուներից Արամ Աթեշչյանի ելույթներից մեկում` «Պետք չէ հայերին և սփյուռքահայերին շփոթել ստամբուլահայերի հետ, իրենք Թուրքիայի քաղաքացիներ են և չեն կիսում Սփյուռքում և Հայաստանում առկա խնդիրները, մասնավորապես` Ցեղասպանության հետ կապված»: Հայ համայնքի ներկայացուցիչների հաջորդ խումբն ակտիվ խումբն է, որ բաղկացած է ազատական գաղափարներ ունեցող երիտասարդներից, որոնք սակայն փոքր թիվ են կազմում և վճռորոշ ձայն չունեն: Հայտնի են աթոռակից պատրիարքի ընտրությունների թեկնածուների անունները` Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը և Պոլսի աթոռը ներկայացնող Արամ Աթեշչյանը: Ընտրությունների կարգը սահմանում և թույլտվությունը տալիս է Ստամբուլի նահանգապետարանը, որտեղ դեռևս նախորդ տարվանից ներկայացված է ընտրություների թույլտվության դիմումը: Ըստ Ռուբեն Մելքոնյանի, նրանք ընտրությունները ձգձգում են, քանի որ թուրքական իշխանություններին ձեռնտու է համայնքի նման մասնատված վիճակը, որից նրանք դիվիդենտներ են քաղում: «Պատրիարքները և եկեղեցին չպետք է խառնվեն քաղաքականությանը, իսկ այս նախընտրական շրջանում ես տեսնում եմ, որ նրանք առավելապես քաղաքական հայտարարություններ են անում և քաղաքական գործչի կերպարով են հանդես գալիս: Իմ կարծիքով` երեք թեկնածուներից իր գործունեությամբ Սեպուհ սրբազանը ապացուցել է իր նվիրվածությունը հայ ժողովրդին և եկեղեցուն»,- վստահ է Ռուբեն Մելքոնյանը: ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: